44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում զոհված զինծառայողների ծնողներին ցավեցնելով։ Եռաբլուրը պարբերաբար գրոհելու, ուժով այնտեղ մուտք գործելու և որդեկորույս մայրերին քաշքշելով տարածքից հեռացնելու այլ բացատրություն Աստղ Գալեյանը չի գտնում։
«Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանն էլ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց՝ ազգայինն ամբողջովին վերացնելու, ազգային հավաքական հիշողությունը ջնջելու խնդիր է դրված։
Անդրադառնալով խոսակցություններին, թե իբր իրենք՝ որդեկորույս ծնողները, 50 հոգանոց խմբերով տեսախցիկներով ներխուժում են դպրոցներ՝ ստուգելու «Փառքի անկյունները»՝ Արա Ռոստոմյանը նշեց՝ իրենք, ուր էլ գնան, դուռը բռնակից բռնելով են բացում, իսկ ահա գործող իշխանությունները սովոր են անգամ բռնակ լինելու պարագայում «քացով դուռը ջարդել, մտնել»։
«Երկրորդ, 50 հոգի որ ասում են, մենք 5 հոգի ենք եղել, իրենք են մենակ ոհմակներով ման գալիս։ Մենք ոհմակով ման չենք գալիս, որովհետև ուր որ գնում ենք, մեր հայրենիքն է, մեր հողը»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկատու քաղաքացին է, Արա Ռոստոմյանը պատասխանեց՝ եթե Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, գործում են օրենքներ, յուրաքանչյուր քաղաքացի և գործատու պարտավոր է հարկ վճարել։
«Մեզ համար հերոսն այն մարդն է, որ կյանքը Հայրենիքի համար զոհում է, հերոսը Եռաբլուրի տղաներն են, առաջին պատերազմի ժամանակ Շուշին ազատագրած տղաները, հերոսը Ռոբերտն է, հերոսն իմ տղան է, Աստղիկի ու Արթուրի տղաներն են, Դուշման Վարդանը և Մոնթեն, որոնք գիտակցված են գնացել այդ ամենին։
Աննա Հակոբյանն էլ է հերոս, հիմնադրամի տնօրեն է դարձել։ Այն ժամանակ, որ Աշոտիկ էր ծնել, այդ ժամանակ հերոս դառավ, հիմա էլ հիմնադրամի տնօրեն է դարձել, հիմա էլ հերոս կդառնա։ Եթե ինքն ուզում է մեր կանանց նմանեցնի իր կնոջը, լավ, մենք ի՞նչ ենք արել, որ ուզում է մեզ անպատվել»,- հարց հնչեցրեց Ռոստոմյանը։
Ասուլիսին ներկա Աստղ Գալեյանն էլ իր հերթին նկատեց՝ պետության ղեկավարն ամեն կերպ արժեզրկում է «հերոս» հասկացողությունը։
Նույն կարծիքը հայտնեցին նաև ներկա մյուս ծնողները՝ շեշտելով, որ պետության կողմից արվում է ամեն ինչ՝ ստվերելու հերոսների անձնազոհությունը։
Նրանք միաժամանակ նշեցին, որ անհանգստացած են իշխանությունների կողմից հնարավոր նոր զիջումներից, սակայն միայնակ չեն կարող պայքարել խնդրի դեմ։ Այդ է պատճառը, որ կոչ են արել քաղաքական ուժերին՝ վանելու հավակնությունները, միավորվել և համատեղ պայքարել։