Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում։
Ժամը 19։00-ին հրավիրած հանրահավաքն ընդդիմության ելույթներից հետո չավարտվեց։ Ցուցարարները տուն չեն գնում։ Նրանք «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանից գործողություն էին պահանջում։ Իսկ Թևանյանն ասաց՝ բախումներ չի ուզում։
Հանրությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Մարդիկ ծայրաստիճան զայրացած են, վրդովված, լարված նյարդերով։ Արցախի կորստի հետ չեն համակերպվում ու ստեղծված իրավիճակի մեղավոր են համարում Հայաստանի վարչապետին։
Իշխանություններն ուժեղացրել են ոստիկանական պաշտպանությունը։ Նոր ուժերով է համալրվել Կառավարության շենքի պաշտպանությունը։ Հրապարակում այս պահին կարմիր բերետավորների մեծածավալ խմբեր կան։
Ցուցարարները Հանրապետության հարապարակի հարակից փողոցներն են փակում՝ ի նշան բողոքի։
«Նիկոլ, հեռացիր» վանկարկումներով ցուցարարները իշխանափոխություն են պահանջում։ Նրանք ամոթանք են տալիս ոստիկաններին, որ շարունակում են պաշտպանել իշխանությունների անվտանգությունը։
Կան բերման ենթարկվածներ։
Տղամարդիկ անզորությունից նույնիսկ արտասվում են, նզովում Արցախը հանձնողներին։
Ցուցարարները երբեմն այնպես են բորբոքվում, ցասումն այնքան մեծ է, որ դառնում են անկառավարելի։