Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:
Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։
2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում օրվա վիճակագրությունն այսպիսին է.
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 220 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով, նախնականորեն, առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։