ՀՀ պետական օրհներգն անպայման պետք է փոխվի. մեր բոլոր չարիքները գալիս են դրանիրց։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան այն գրառմանը, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, քննարկման առարկա պետք է դառնա ՀՀ զինանշանի փոփոխության հարցը։
«Տեքստում ասվում է՝ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի…»։ Ես չեմ ուզում, որ այդպիսի երգ երգենք։ Ես ուզում եմ ապրելու, արարելու մասին երգ երգել։ Ուզում եմ հպարտությունս պահպանել։ Ես չեմ ուզում ստրուկ լինել։
Ընդ որում՝ հին օրհներգին չի կարելի վերադառնալ։ Մեծն Արամ Խաչատրյանն ինձ համար աստվածային երևույթ է։ Ես նրան չեմ կարող քննարկել որպես «այո» կամ «ոչ» ։ Բայց նա չի ստեղծել այն օրհներգը, որը համապատասխան է այսօրվա կյանքի համար։ Միգուցե Սովետական Հայաստանի համար դա բավարար էր, բայց այսօր վերադառնալ որևէ հին պատմության, մեր կյանքի ամենամեծ մոլորությունը կլինի»,- ասաց կոմպոզիտորը։
Ռոբերտ Ամիրխանյանի համոզմամբ՝ պետական օրհներգը փոխելու հարցում անպայման հարկավոր է մասնագիտական որոշում կայացնել, իսկ մասնագիտական որոշումը ոչ միայն պարզ երաժշտությունից եկող և բառերի հետ կապված գնահատականն է, այլ, թե ի վերջո այդ երաժշտությունը որտեղի՞ց է գալիս, այդ սիմվոլը մենք ինչպե՞ս ենք ստեղծել։
«Ես ձեռքիս տակ ունեմ Իտալիայի դեսպանատանն ինձ տրված համապատասխան գրականություն, որը փաստում է՝ ՀՀ ներկայիս օրհներգի երաժշտությունը ժամանակին իտալացիների շրջանում ընդունված է եղել որպես հանգուցյալին այլ աշխարհ ճանապարհելու, հրաժեշտի երաժշտություն»,- ասաց կոմպոզիտորը։
Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով՝ օրհներգի բառերի իմաստը, բնականաբար, համապատասխանեցվել է երաժշտությանը, դրանք երկուսն էլ կապվել են մահացած մարդու հետ։
«Բանաստեղծությունը Միքայել Նալբանդյանը գրել է՝ կապված մարդկանց հրաժեշտ տալու իրողության հետ։ Եվ դու դա բերում դնում ես՝ որպես քո երկրի սիմվոլ, որն իրականում պետք է ոտքի կանգնելու և պայքարի մասին լինի։
Այդ երաժշտությունն իտալական երաժշտություն է, նրանում հիմներգի ոչ մի սիմվոլ չկա։ Մշակութային այսքան հարուստ պատմություն ունեցող մեր ժողովուրդն իրավունք չունի ուրիշի մեռելին ճամփու դնելու երգը բերի դնի որպես իր երկրի հիմն։ Մեր բոլոր սխալները գալիս են նրանից, որ այդ երգի մեջ հոգեբանական վերելքի սիմվոլ չկա, ինչն անհրաժեշտ է երկիրը պահելու համար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։ Այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:
Իմ կարծիքով՝ մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», – գրել է Սիմոնյանը։