Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԱԳՈՒՀԻ ԽՈԽԱ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ, ԱՍԵՑԵՔ՝ Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ»․ ՃՏՊ-ՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԹՎԵՐԸ

10/12/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարդավառից մինչեւ քնած վարորդներ․ որտե՞ղ փնտրել մահվան ելով վթարների պատճառներն ու մեղավորներին

«Ես թագուհի խոխա եմ կուրցրալ, հի՞նչ անեմ, ըսեցաք ինձ, ումի՞ց պահանջեմ իմ ջահել բալին»,- մղկտում է Արտակ Փարսյանը: 17-ամյա Եվայի կյանքի թելը կտրվեց 1.5 տարի առաջ՝ 2023 թ-ի օգոստոսի 14-ին: Ողբերգական ավտովթարը խլեց միանգամից 11 մարդու կյանք, ավելի ուշ՝ տասն օր անց, տուժած քաղաքացիներից մեկը մահացավ հիվանդանոցում։

Գորիսեցի աղջիկը՝ Եվա Փարսյանն այդ տարի էր ընդունվել Երեւանի պետական համալսարան։ Ապագա պատմաբանը, նախքան համալսարանական աթոռին նստելը, ուսուցչու հետ մեկտեղ որոշել էր այցելել պատմական հայրենիք։

 «Արեւմտյան Հայաստանը տեսել էին, ոգեւորվել, ոգեշնչվել, բայց բալես տենց էլ պատմաբան չդարձավ, չհասցրեց գոնե մեկ օր նստել ուսանողական սեղանին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է հայրը։

Զբոսաշրջիկների՝ Թուրքիայից վերադարձող խմբին տեղափոխող մեքենան վթարվել էր Շիրակի մարզի Լանջիկ համայնքի մոտակայքում։ Ըստ նախնական վարկածի՝ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ ճակատ-ճակատի հարվածել «Volkswagen» մակնիշի մեքենային։ Տեղում մահացել էր նաեւ վերջինիս 33-ամյա վարորդը։

ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՎԹԱՐ

12 զոհ․ 5 վիրավոր։  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն առ այսօր քննում է ողբերգական դեպքը։ Մի քանի ամիս անազատության մեջ գտնվելուց հետո իրավապահ մարմինները որոշել են փոխել բեռնատարի վարորդի խափանման միջոցը՝ ազատ արձակել գրավի դիմաց։

«Մինչեւ օրս ես չեմ գիդում՝ ո՞նց ա դեպքը պատահալ։ Խոխեքին շոֆերն ա արագ քշելիս իլալ, բայց հընչի՞ ա «Զիլի» շոֆեռը հանդիպակաց դուրս եկել։ Հնչի՞․․․ Դատարանն առ էսօր ոչ մի հարցի պատասխան չի տալիս։ Գորիսից մի քանի 100 կմ եմ կտրում-հնում եմ դատի, բայց դատը տեւում ա 7-8 րոպե։ Բա դա արդա՞ր ա․․․Ես չեմ գիդում արդեն։ Ես չեմ, դուք եք, ի՞նչ անեմ, ումի՞ց պատասխան սպասեմ։ Էս ա տարուց ավելի ա՝ դատ-դատաստանն ա գնում, դժվա՞ր ա էդ շոֆեռին մանրամասն հարցաքննել, իմանանք՝ ո՞նց ա եղել»,- արդար դատավարության եւ բոլորի հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով՝ ասում 17-ամայ Եվայի հայրը, որի երազանքների թելը կտրվեց երկու մեքենաների հանդիպակաց բախումից։

ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թեեւ պետությունն ու պատասխանատու օղակները քայլեր են ձեռնարկում, օրենքներ մշակում, որոշումներ ընդունում, որ նվազեցնեն ճանապարհատրանսպորտային  պատահարների թիվը, բայց դեպքերի քանակը էականորեն չի նվազում։

«Ազգ»-ին ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին՝ 2024 թ-ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը գրանցվել է 3954 ՃՏՊ, որից 245-ը՝ մահվան ելքով։ 2024 թ-ին պատահարներից զոհվել է 299, մարմնական վնասվածքներ ստացել՝ 5307 մարդ։ Նույն  ժամանակահատվածում 3 եւ ավելի զոհերով 9 ՃՏՊ է գրանցվել։ Այս ամենին զուգահեռ՝ 2024 թ-ին, այսպես կոչված, «բալերը» սպառելու հետեւանքով՝ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր իրավունքից 6 ամսով զրկվել է 1397, 1 տարով՝ 71 քաղաքացի։ Բացի այդ, նախընթաց տարում այլ հիմքերով (օրինակ՝ ոչ սթափ վիճակում վարելու) 4983 անձ զրկվել է վարելու իրավունքից։

«ԼԱՎ ԼՈ՞ՒՐ», ԹԵ՞ ՉՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս աչքալուսանք տվեց․ պատրաստվում են նախագիծ ներկայացնել խորհրդարան, որը նախատեսում է 9-ի փոխարեն 13 միավոր տալ վարորդներին։ Եթե նախագիծը գնա խորհրդարան եւ դրական եզրակացություն ստանա, վարորդների՝ «խախտում անելու միավորները» կավելանան եւս 4-ով։

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որ մշտապես անդրադառնում է ճանապարհային երթեւեկության խախտումներին եւ խնդիրներին, կարծում է՝ նման հայտարարություն անելուց առաջ ձեռքի տակ պետք է ունենալ արժանահավատ՝ խորն ու համապարփակ, վերլուծություն։

 «Ըստ իս՝ դա անել չի կարելի: Եթե մարդու «բալերը» սպառվել են, բայց ինքը շատ է ուզում վարել մեքենա, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ վճարի դրա դիմաց: Օրինակ՝ եթե ուզում են 9 բալը դարձնել 12, դա կարելի է անել գումարի դիմաց, ենթադրենք, կես միլիոն դրամի։ Քաղաքացին պետք է իմանա՝ դա գումար արժի։ 2024-ի ընթացքում ես կորցրել եմ ընդամենը 2 միավոր՝ 9-ից։ Այնպես որ, նորմալ վարելու դեպքում հնարավոր է տեղավորվել սահմանաչափի մեջ, հավելյալ ոչնչի կարիք չկա»։

Նույն տեսակետին է նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Վստահ է՝ խորը վերլուծություն ենթադրող փոփոխության հիմքում պետք է լինի ոչ թե սոսկ վիճակագրություն, այլ գիտական եւ մասնագիտական կարծիք, փաստարկներ, փաստեր եւ այլն։ Պապիկյանի գնահատականով՝ հայտարարությունը, որ բացի ցանկությունը չունի այլ հիմնավորում, պարզապես պոպուլիզմ է։


 «Պետք է արձանագրվի՝ ի՞նչ վիճակ ունենք, ի՞նչ ենք առաջարկում եւ ի՞նչ ենք ակնկալում։ Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, անգամ վարորդ չեմ, բայց այս պարզ իրողությունները հասկանալի են անգամ երթեւեկությունից հեռու մարդկանց։ Եթե հիմնավորման անվան տակ պետք է ներկայացնեն սոսկ թվային վիճակագրություն, դա հասարակությանը ոչինչ չի տալու։ Հասկանում եք՝ նման հայտարարությունը չի կարող լինել մերկապարանոց։ Դա նույնն է, որ օրերից մի օր դառնամ երկրի ղեկավար եւ որոշեմ՝ բանտից ազատել բոլոր հանցագործներին՝ պարզապես, հենց այնպես։ Իսկ եթե «բալերի» մասին հայտարարությունն օդում մնա, ի՞նչ է անելու պաշտոնյան, ինչպե՞ս է պատասխան տալու վարորդներին՝ նրանց զգացմունքների հետ խաղալու համար»։

ՂԵԿԻՆ ՔՆԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՒ ՎԱՐԴԱՎԱՌ․ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Նաիրի Սարգսյանը երկար ժամանակ է՝ ուսումնասիրում է Հայաստանում գրանցվող մահվան ելքով ՃՏՊ-ներն ու դրանց պատճառները։ Վիճակագրության համաձայն՝ վթարների մի մասը վարորդի՝ ղեկին քնելու հետեւանքով է լինում։

«Վերջերս այդ հարցը քննարկում էինք Ներքին գործերի նախարարությունում, եւ տեղեկացա, որ դրա դեմ բան են մտածել։ Ճանապարհի աջ եզրային հատվածում հատուկ ներկանյութ են քսում, ինչը մեքեան ենթարկում է վիբրացիայի։ Եվ երբ ղեկին աչքը կպած վարորդը մտնի եզրային գոտի, մեքենան էլ սկսի թրթռալ, վարորդը, ենթադրաբար, կարթնանա»։

Մահվան ելքով վթարների մյուս պատճառը ոչ սթափ վիճակով վարելն է։ Թեեւ «բալային համակարգի» ներդնումը բավական սթափեցրել է մարդկանց, քանի որ մտածում են՝ դրա պատճառով չզրկվեն վարելու իրավունքից, բայց վիճակը դեռ անհանգստացնող է։

Արագության սիրահար վարորդները զգուշանում եւ զգոնանում են նաեւ արագաչափ-տեսախցիկներից։ Վարորդների մեծ մասը հիմնականում գիտի՝ հանրապետության եւ մայրաքաղաքի տուգանող տեսախցիկների տեղը։ Ընթացքի ժամանակ հասնելով արագաչափերին՝ արագությունը նվազեցնում են, բայց տեսախցիկն անցնելուց հետո՝ ոտքը կրկին դնում են գազի սեղմակին։

«Կարծում եմ՝ պետք է ավելացնել արագաչափերի թիվը: Հասկանում ու գիտակցում եմ, որ նման հայտարարությունը միանշանակ չի ընկալվի, բայց եթե ուզում ենք նվազեցնել մահվան ելքով ՃՏՊ-ները, պետք է գնալ այդ քայլին։ Ամեն տարի Վարդավառին, օրինակ, արագ վարելու պատճառով զոհեր են լինում Երեւան-Սեւան մայրուղում։ Եթե չեմ սխալվում, այս տարի ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց՝ այդ օրը գործելու է արագաչափ շրջիկ մեքենա, ինչը բավական սթափեցնող էր արագության սիրահար վարորդների համար։ Նման բաներ հաճախ պետք է արվեն, որ քաղաքացիները իմանան՝ կարող են հայտնվել շրջիկ տեսախցիկի օբյեկտիվում,- ասում է Նաիրի Սարգսյանն ու շարունակում,- Լրջագույն խնդիր է նաեւ ամրագոտի չգցելը։ Թեեւ պարեկային ծառայության աշխատակիցները տուգանում են ամրագոտի չկապողներին, բայց դա բավարար չէ․ պետք է գործի դրվեն նաեւ տեսախցիկները։ Ըստ տարբեր երկրների հետազոտությունների՝ ամրագոտին 40-50 տոկոսով կրճատում է մահվան դեպքերը»։

«Ոչ թե պատժել, այլ դաստիարակել»․ Սարգսյանին հակադարձում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Ըստ նրա, մեր երկիրը շարունակաբար՝ երեսուն տարի, պատժիչ քաղաքականությամբ է առաջնորդվում․ «Գրեթե ամեն օր քնում-արթնանում են, մտածում՝ նոր պատժի տեսակ հորինեն, սահմանափակեն։ Ոչ թե պետք է արագաչափերը ավելացնել , այլ մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ դաստիարակել, որ տրանսպորտային միջոց վարելը պատասխանատվություն է, եւ դա պետք է հասկանա մեր հասարակության յուրաքանչյուր անդամ, որ 14-15-ամյա որդու կամ դստեր ծննդյանը չի կարելի վարորդական իրավունքի վկայագիր կամ մեքենա նվեր անել: Դա ոչ թե նվեր է, այլ՝ ռիսկ»:

Փաստաբանի գնահատականով՝ լրջագույն խնդիր է այն, որ պարեկային ծառայողներից շատերը ոչ իրավաչափ կամ թերի արձանագրություններ են կազմում՝ կապված հենց ամրագոտի գցել-չգցելու հետ։

«Որպես փաստաբան՝ վերջերս վարչական դատարանից ստացել եմ երկու դատական ակտ, երբ ամրագոտի չգցած վարորդի ակտը դատարանը վերացրել է, որովհետեւ պարեկները սխալ ձեւով էին իրականացրել վարչական վարույթը։ Երկու դեպքում էլ դիմել էինք պարեկային ծառայություն՝ վարչական վարույթ հարուցելու, մերժել էին՝ պատասխանի մեջ գրելով՝ «պարեկային ծառայության աշխատակիցը տեսել է ամրագոտի չգցելու հանգամանքն ու արձանագրել»: Բայց միայն տեսնելը բավարար չէ արձանագրություն կազմելու համար։ Եթե միայն տեսնելով լինի, կարող են գրել նաեւ, որ վարորդը նաեւ ծխում էր ղեկին, խմում էր եւ այլն: Հենց այս՝ փաստերի ոչ բավարար լինելու հիմքով էլ դիմել էինք դատարան եւ հաղթել»։

Ինչ վերաբերում է ամրագոտի կապելուն, Պապիկյանը եւս ընդգծում է՝ դրա կապել-չկապելը քննարկման առարկա չպետք է լինի։ Թե՛ վարորդը, թե՛ ուղեւորն ամրագոտի պետք է գցեն ոչ թե տուգանքի վախից, այլ՝ կարեւորելով սեփական անձն ու կյանքը։

ԿՐԹԱԿԱՆ ՌԵՖՈՐՄ՝ ՆԱԵՎ ԱՅՍ ՈԼՈՐՏՈՒՄ

Այն, որ ճանապարհային երթեւեկության կանոններին քաղաքացիներին պետք է ծանոթացնել եւ սովորեցնել վաղ՝ դպրոցական տարիքից, պնդում է նաեւ փորձագետը։ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ պետությունը չի կարող ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ յուրաքանչյուր վարորդի համար իրականացնի անհատական հսկողություն։

«Ճանապարհային երթեւեկության ոլորտում եւս պետք են կրթական լուրջ ռեֆորմներ, եւ մարդկանց վաղ տարիքից պետք է սովորեցնել երթեւեկության կանոները։ Սա, իհարկե, երկարաժամկետ ծրագիր է, բայց առանց դրա, վստահ եմ, երթեւեկություն չի կարող կարգավորվել: Մարդիկ պետք է հասկանան, որ ամրագոտի չկապելը «գլուխ գովալու» բան չէ, դա սոսկ անվտանգություն է»։

Ըստ Քեյանի՝ ոչ պակաս կարեւոր է, որ պետությունը վերահսկի ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնողներին՝ նրանց պարտադրելով՝ կահավորել ճանապարհները համապատասխան նշաններով, լուսավորել եւ այլն։ Դա ոչ պակաս կարեւոր է՝ վթարների թիվը նվազեցնելու հարցում։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանին վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու

Հաջորդ գրառումը

Իմ մասին կեղծ, իրականությունից շեղված և պատվիրված արշավ են սկսել. փոխքաղաքապետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Իմ մասին կեղծ, իրականությունից շեղված և պատվիրված արշավ են սկսել. փոխքաղաքապետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական