Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմ մասին կեղծ, իրականությունից շեղված և պատվիրված արշավ են սկսել. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ, 

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԶԼՄ ներկայացուցիչներ,

արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք  լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել: 

Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:

Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ  ընկերներից է, ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ, ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե միջնորդավորված և թե ուղիղ չեմ ստացել:

Ըստ այդմ, թե նախկինում, թե ներկայում  նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են: 

Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը՝ բնականաբար հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է: 

Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող  այս  պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»: