Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառում իրականացնել արդեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից։
«Կառավարությունը անձը հաստատող երկու տեսակի փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակում։ Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են՝ 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթն, ըստ էության, ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող, փախստականի կարգավիճակի մասին վկայականն է. հայտնում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
3 ամիս հետո ուժի մեջ կմտնի հետևյալ դրույթը՝ ՀՀ տարածքից դուրս գալիս այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ։
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որոնք ունեն փախստականները միջազգային ասպարեզում, որոնք ամրագրված են նաև ՀՀ օրենսդրությամբ։