Ադրբեջանական զինուժի՝ Հայաստան ներխուժումից հետո զբոսաշրջային հոսքերը դեպի Սյունիք և Վայոց ձոր նվազել են

21

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո դեպի սահմանամերձ շրջաններ զբոսաշրջային հոսքերը նվազել են։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն առաջարկում է ընկերություններին փոխհատուցել հյուրանոցային ծառայությունների արժեքի 60%-ը, եթե նրանց աշխատակիցները մնան Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հյուրանոցներում. հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը։

Նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի e-draft պորտալում։

Նախաձեռնության նպատակն է այս տարածքներում  խթանել զբոսաշրջությունը։ Թիրախային խումբն այն իրավաբանական անձինք են, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում օգտվել են (օգտվելու են) Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող հյուրանոցային օբյեկտների ծառայություններից։ Ընդ որում, այդ ծառայություններից կարող են օգտվել ոչ ավելի, քան հինգ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են ընկերության աշխատակիցներ, իսկ փոխհատուցման չափը չպետք է գերազանցի 3 մլն դրամը։

Այս միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել շուրջ 2500 զբոսաշրջիկների այցելությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծի ինչպես հյուրանոցային, այնպես էլ սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար։

Սակայն նախագիծը դեռ չի ընդունվել. դրա դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի առաջարկները։

Իր հերթին Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևոր է համարում առաջարկվող ծրագրի իրականացումը, քանի որ Սյունիքի և Վայոցձորի զբոսաշրջության ոլորտը լուրջ վնասներ է կրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Նա նշել է, որ երկու մարզերն էլ զբոսաշրջության բարձր ներուժ ունեն, և նախորդ տարիներին հաճախելիությունը շատ էր, իսկ այժմ անկում է նկատվում։

 «Նաև մեր դիվանագետները պետք է այնպես անեն, որ դեսպանատները այդ տարածքները չհայտարարեն այցելության համար վտանգավոր»,- ասել է Ապրեսյանը։

Նա աջակցության ծրագիրն արդիական է համարում անգամ պասիվ զբոսաշրջային սեզոնում, երբ ամենամեծ վնասները կրում են հյուրանոցները։ Նրա կարծիքով, հենց հիմա կարեւոր է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անցկացնելը եւ զբոսաշրջիկների ներգրավումը։

Հարկ է նշել, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի՝ ՝ Հայաստան ներխուժումից հետո զբոսաշրջային հոսքերը դեպի Սյունիք և Վայոց ձոր նվազել են։

Ջերմուկում անգործության է մատնված ճոպանուղին, որի տնօրինությունն ակնկալում էր, որ մինչև 2022 թվականի վերջը այցելուների թիվը  40.000-ը կգերազանցի։

Ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն աճել են։

Այսպիսով, 2022 թվականի արդյունքներով՝ Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021 թվականին՝ 816 հազար զբոսաշրջիկ։