Եթե տարին այսպես է սկսվում, և եթե հաշվի ենք առնում անցած տարվա ընթացքում բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ակնհայտ է դառնում, որ Զինված ուժերում ոչ մի բարեփոխում տեղի չի ունենում։ Պարզապես շատ ցավալի է, որ դրա արդյունքում մարդկային կյանքեր չեն խնայվում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր լուսաբացին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի հայտնաբերելու հանգամանքին
«ՀԿ-ների ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 75 մահվան դեպք է գրանցվել՝ ներառյալ Ազատ գյուղում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողները։
Չգիտեմ՝ նույնիսկ ինչ ասեմ։ Բանակում ոչինչ չի փոխվում՝ անպատժելիության մթնոլորտը, կրիմինալ մթնոլորտը, և որևէ խոսակցություն էլ չկա, որ կարող է ինչ-որ բան փոխվել։
Անցած տարի միայն հուլիս ամսվա ընթացքում 10 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ խաղաղ պայմաններում բանակում մարդկային կորուստները նվազեցնելու կամ իսպառ բացառելու ճանապարհները շատ են, սակայն ՊՆ-ն այդ ուղղությամբ գործուն քայլեր չի ձեռնարկում։
«Ճանապարհներ շատ կան, ուղղակի պետք է աշխատել։ Բայց ՊՆ-ում ոչինչ չեն անում։ Մեկ տարի իրենք գոռում են բարեփոխումների մասին, մինչդեռ մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ոչինչ չի բարեփոխվում։ Ինձ թվում է՝ մտքներով էլ չի անցնում բանակում ինչ-որ բան բարեփոխել, այսպես լավ ապրում են։
Պատասխանատվության զգացումը բացակայում է. պատասխանատվություն չունեն ո՛չ մարդկային կյանքերի, ո՛չ հանրության, ո՛չ էլ պետության առաջ։ Ուղղակի վայելում են իրենց պաշտոնները, Սուրեն Պապիկյանը վայելում է իր պաշտոնը՝ առանց աշխատելու։ Նա չի աշխատում. եթե աշխատի, մենք նմանօրինակ դեպքերի մասին չենք լսի»,- ասաց իրավապաշտպանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների համար պատասխանատու է նախևառաջ բարձրագույն հրամանատարական կազմը։
«Նրանք պետք է այդ ամենը կարգավորեն, ծրագրեն և իրականացնեն փոփոխությունները՝ սկսած զորամասերում տարրական կարգուկանոնի հաստատումից։ Մյուս կողմից քննությունները չեն բացահայտում բանակում մահվան դեպքերը, վիճակը մնում է ստաբիլ։ Հիմա մահվան դեպքերն ավելի շատ են, քան իրենց չսիրած նախկինների ժամանակ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
ՊՆ-ի տեղեկացմամբ՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: