Երբ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մի առիթով հայտարարել է, որ բանակն ուժեղների համար է, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շոկ է ապրել, քանի որ համոզված է՝ բանակն իրականում ոչ թե ուժեղների համար է, այլ՝ ուժեղացնելու։ Ըստ նրա՝ բանակը Հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու և այդ պատասխանատվությունն արժանապատվորեն կրելու մասին է, բանակը Հայրենիքի նկատմամբ հարգանքի մասին է, բայց ոչ՝ ՊՆ նախկին խոսնակի ձևակերպման մասին։
Իսկ ահա բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, ինչպես Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը, ամենաասարսափելի հանցագործությունն են, որովհետև մեկ բան է, երբ երկրի քաղաքացին զոհվում է պատերազմի ընթացքում, լրիվ ուրիշ բան, երբ զինվորը մահանում է հարաբերական խաղաղ պայմաններում։
«Նման դեպքերին չի կարելի վերաբերել զուտ գլխաքանակով կամ վիճակագրական հաշվարկով։ Այդ զինվորները նախևառաջ մարդ են, ՀՀ քաղաքացի, նրանք մեր ապագա մասնագետներն են և վերջապես՝ պոտենցիալ ծնողներ, որոնք պետք է ընտանիք կազմեին և երեխաներ ունենային։
Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը ռազմավարական, անվտանգային խնդիր են, և այն համակարգը, որ ունենք բանակում, ցավալիորեն չի փոխվել և չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխությունների գիտակցումը չի հասունացել։ Քանի դեռ մենք այս հարցին չենք մոտենում գաղափարական տեսանկյունից, քանի դեռ խորհրդային բանակի գաղափարախոսության կրողն ենք, շարունակելու ենք մնալ այս խայտառակ վիճակում»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ մեր երկրում մարդը երբեք արժեք չի ունեցել և հիմա էլ չունի։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են անգամ պատերազմական վիճակներում խնայում ամենաթանկարժեքն, ինչն ունի պետությունը՝ մարդուն։ Մեզ մոտ ցավալիորեն ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ դրանից առաջ կամ հետո մարդը երբևէ չի գնահատվել որպես արժեք. գնահատվել է որպես ռեսուրս։
Քանի դեռ այս տրամաբանության մեջ ենք և մտածում ենք, որ զոհվել է իքս թվով զինծառայող՝ չհաշվարկելով դրա էությունը և հետևանքները, շարունակելու ենք ունենալ այս իրավիճակը։
Ցանկություն չկա բանակում որևէ բան փոխելու, որովհետև դա ահռելի մեծ աշխատանք է, որը կատարելու համար պետք է որոշում կայացնել։ Իսկ որոշում կայացնելու դեպքում դու պետք է պատասխանատվություն ստանձնես, որոշես՝ փոխո՞ւմ ես վեկտորը, թե ուզում ես մնալ իմպերիայի բանակի մի մաս՝ պահպանելով «դեդովշինայի» դրվածքը, զինվորի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը»,- համոզմունք հայտնեց Նինա Կարապետյանցը։
Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, չկա հանրային պահանջ և գիտակցում, որ բանակում չեն ծառայում ինչ-որ մեկի զավակները, բանակում ծառայում է ամեն մեկիս զավակը։
«Բանակում ծառայող երեխան մեզնից յուրաքանչյուրի զավակն է։ Բանակն այն տեղն է, որտեղ հաստատ չկա և չի կարող լինել իմ ու քո զավակը։ Զինվորը բոլոր իմաստներով մեր ապագայի երաշխավորն է, որովհետև մենք այլ երաշխավորներ չունենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
ՊՆ-ի տեղեկացմամբ՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։