Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Այս ադրբեջանցուն քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ են մեղսագրվում՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։
2023 թվականի ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող և 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյն Ախունդովի պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը քննել է անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի օրինական ժառանգների բողոքը։