AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 5891, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅԻՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվում, հատկապեսՙ հաղթանակներ կռել ու, հատկապեսՙ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Կարճ ասած, Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Սովորաբար երբ խոսվում է մայիսի ու հաղթանակների մասին, անպայման շեշտվում է եռատոն բառեզրը, որում նկատի է առնվում խորհրդային ժողովուրդների հետ միասին հայ ժողովրդի 1945-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի, Շուշիի ազատագրմանն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները: Դա ճիշտ է, եթե նկատի առնվի միայն մայիսի 9-ի խորհուրդը: Սակայն ինքնին հասկանալի է, որ մայիսը միայն 9-ը չէ, իսկ այդ պարագայում արդեն եռատոնը խիստ նեղ է դառնում եւ հանգիստ այն կարելի է քառատոն, հնգատոն ու ավելի քանակի տոների ամիս համարել:

Ենթադրելի է, որ հայ ժովովրդի հազարամյակների բազմաշերտ պատմության էջերն ուշադիր թերթելու դեպքում մայիսին տեղի ունեցած շատ նշանավոր իրադարձություններ ու հաղթանակներ կարելի է գտնել: Սակայն հստակ է, որ ազատագրական եւ բարոյա-հոգեբանական ամենահայտնի հաղթական մայիսների մեր շքահանդեսն սկսվում է Ավարայրով: 1566 տարի առաջ, Ավարայրի դաշտում 451 թվականի մայիսի 26-ին, ապստամբ հայկական ուժերի եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցած ճակատամարտով, որը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր:

Մայիսյան հաղթանակների շարքում առանձնանում է նաեւ 1915 թ. Վանի հերոսամարտն ընդդեմ թուրքական ցեղասպանների, որն ավարտվեց մայիսի 16-ին: Սկսված աշխարհամարտի Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը Վանի նահանգապետ արյունարբու Ջեւդեթ բեյի գլխավորությամբ, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը եւ մուսուլմանական խառնամբոխը, դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները: Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ. Թիմար, Ալջավազ եւ այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանությունՙ համառ մարտեր մղելով թշնամու դեմ: Ամենաերկարատեւն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը: Այն ղեկավարում էր Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմինը, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը եւ Փանոս Թերլեմեզյանը: Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաեւ հայ կանայք: Մայիսի սկզբին ռուսական բանակի եւ հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրեց թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը եւ հեռանալ: Մոտ մեկ ամիս տեւած մարտերի ընթացքում սպանվեցին 1000-ից ավելի թուրքեր (մուսուլմանական ամբոխի կորուստը չհաշված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) եւ մարտիկներ:

1915-ի ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 6-ը տեւած Վանի հերոսական ինքնա-պաշտպանությունը հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն 150 հազարից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, ինչպես նաեւ օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար:

Հայ ժողովրդի համար հաջորդ փառահեղ հաղթանակները կարողացանք տանել 1918 թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում: Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր հանուն ազատության եւ կրոնի, ապա մայիսյան հերոսամարտերըՙ Սարդարապատի (մայիսի 21-29), Բաշ Ապարանի (մայիսի 23-29), Ղարաքիլիսայի (մայիսի 24-28)ՙ հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման: Եթե Ավարայրով մենք կարողացանք պահպանել մեր ազգային-կրոնական ինքնությունը, ապա այդ հաղթական ճակատամարտերով ձախողեցինք հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը եւ վերականգնեցինք հայկական պետականությունը:

Մայիսյան հաղթարշավի մյուս հանգրվանը Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակն էր: Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից: Այդ ցուցանիշներն այլ ազգերի հետ համեմատելիս հստակ երեւում է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը շատ ծանրակշիռ ավանդ են ունեցել հաղթանակի գործում, եւ այս պատերազմը միանշանակ եղել է հայրենական, որովհետեւ կար Թուրքիայի հանգամանքը, որն իր 26 դիվիզիաներով հայկական սահմանների վրա սպասում էրՙ եթե ընկնեին Ստալինգրադն ու Մոսկվան, հարձակվի Հայաստանի վրա:

Ամեն տարի մայիսին հայ ժողովուրդը նշում է իր համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին: 1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ազատագրական պայքարի ամենափայլուն գործողություններից մեկը` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումը: Մինչ այսօր տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականներ ու մասնագետներ դեռ հիացմունքով են նշում, թե ինչպես հայկական զինուժը կարողացավ 2 օր գրոհելովՙ ազատագրել անառիկ բերդաքաղաքը, որը 3 կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով:

Ռազմական գործողությանը տրվեց «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ ազատարար մարտիկները կազմակերպված ու խիզախ վճռականությամբ Մեծ Հայրենականում մեր տարած հաղթանակի օրվանից ժամեր առաջ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրեցին հայկական գերեվարված քաղաքը: Կյանքի կոչվեց մի օպերացիա, որն իր նմանը չուներ ռազմարվեստի պատմության մեջ: Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ձեռք բերեց հայերի համար: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաեւ Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը:

Շուշիի ազատագրումը, որը հնարավոր դարձավ շնորհիվ մեր միասնական ուժի եւ հայի հույսը միայն իր վրա դնելու, հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է: Այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:

Հերոսական անցյալի տարբեր դրվագները խորհրդանշող այս տարեթվերի մեկտեղումը մեկ տոնի մեջ ոչ միայն ապահովում է հայրենիքի պաշտպանությանը մասնակցած միանգամից մի քանի սերունդների գործի ժառանգորդությունը, այլեւ երկրի անվտանգության առումով ուսուցողական մեծ արժեք ունի: Սրանով Ավարայրի, Հայրենականի եւ Ղարաբաղյան պատերազմներում հաղթանակած սերունդները իրենց յուրահատուկ էստաֆետն են փոխանցում ներկայումս ՀՀ պաշտպանության բանակում ծառայող երիտասարդներին: Եվ նման ժառանգորդությունը այսօր էլ բովանդակում է ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային բաղադրիչ, քանզի ֆաշիզմի դեմ միասնության խնդիրը չի սահմանափակվում Երկրորդ աշխարհամարտում ջախջախվածՙ նրա գերմանական տարատեսակի դեմ պայքարի արդեն պատմության գիրկն անցած առաջադրանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.