Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –
հոդվածաշարի նախորդ մասերը, –
Արտակ Դարբինյան – 2
Ա. Դարբինյանը 1901 թ. ամուսնացավ և այս պարագան որոշ չափով մեղմացրեց ոստիկանական հսկողուղությունը: Բայց այդ հարաբերական անդորրը երկար չտեւեց: 1904թ. մարտին նա կրկին դատապարտվեց: Այս անգամ երեք տարվա ազատազրկման, սակայն ազդեցիկ հայերի միջամտությամբ մեկ եւ կես ամսից ազատվեց և շարունակեց թղթակցել տարբեր թերթերի և զբաղվել կուսակցական քարոզչությամբ:
Ազատագրական պայքարին և հարազատ կուսակցության ծավալած գործունեությանը մեծ նվիրումի մասին են վկայում հետևյալ իրողությունները: Նախ՝ որպես Վասպուրկանի շրջանի գործիչ՝ նա մասնակցեց 1913թ. հուլիսին Կ.Պոլսում գումարված ՀՍՌԿ 2-րդ ընդհանուր պատգամավորականի աշխատանքներին: Այնուհետև որպես ՀՍՌԿ-ի լիազոր ներկայացուցիչ ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՀԱՌԿ միջեւ համագործակցության նպատակով հրավիրված խորարդակցական ժողովին: Իսկ երբ 1915թ. ռուսական բանակը գրավեց ստեղծեց Վանի նահագապետություն, հերոսական ինքնապաշտպանության ակտիվ մասնակից Ա. Դարբինյանն ընտրվեց 72 օր գոյատևած Նահանգային վարչության դիվանապետ: Նրա ձեռքի տակով էին անցնում պաշտոնական ամբողջ գրագրությունը և գրեթե բոլոր փաստաթղթերը: Հայոց պետականության նախատիպ նահանգապետության այդ ծանրագույն գործառույթը նա փայլուն էր կատարում:
Լինելով գրչի մարդ՝ Ա. Դարբինյանը բնույթով համեստ էր, սիրում էր քայլել առաջնորդի հետևից, բայց նրա ձայնը լսվում էր, ասածները հաշվի առնվում: Միշտ եղավ ու մնաց սեփական ուժին ապավինելու ջատագովը: Դեպքերի հետագա զարգացման ընթացքում ժողովրդից անբաժան գործիչը 150 հազարանոց գաղթականների քարավանի հետ 1915-ի օգոստոսին հասավ Թիֆլիս: Վանի հայությանը օգնելու նպատակով այստեղ ձեւավորվեց Նպաստամատույց հանձնաժողով, որի աշխատանքներին որպես խորհրդական ակտիվ մասնակցում էր նաեւ Ա. Դարբինյանը: Իսկ 1915թ. ստանձնեց Թիֆլիսում վերահրատարակվող ՀՍՌԿ Հայաստանի կենտրոնական խորհրդի «Վան-Տոսպ» թերթի խմբագրի պարտականությունները:Հասարակականքաղաքական,գրական«ՎանՏոսպը» լույս է տեսել 1911-1919թթ. Վանում (1911-1915), Թիֆլիսում (1915-1918), Երևանում (1919)։ Խմբագիրներ՝ Հ․ Ավագյան, Կ․ Սիտալ (Շահինյան), Մ․ Պալոյան, Պ․ Հովնանյան, Ս․ ժամկոչյան, Ա․ Դարբինյան, Վ․ Պապիկյան, Ա․ Ավետիսյան։
Ի դեպ՝ քաղաքական իրադարձությունների և խմբագիրների փոփոխման հետևանքով թերթը հաճախ կրել է բովանդակային փոփոխություններ։ Առաջին շրջանի (Վան) սկզբի ընդգծված գրական-բանասիրական, պատմաազգագրական բնույթը 1913-1915 թվականներին իր տեղը զիջել է երիտթուրքերի հայահալած գործելակերպի, գոյատևման համար արևմտահայության մղած պայքարի և ազատության ուղիների որոնումների լուսաբանմանը։ Երկրորդ՝ Ա. Դարբինյանի խմբագրության շրջանում (Թիֆլիս, Երևան) ներկայացրել է առաջին աշխարհամարտի ընթացքը, Արևմտյան Հայաստանի ազատագրված շրջանների կյանքը, փրկված արևմտահայության տեղավորմանն ու որբերի պատսպարմանն ուղղված հայկական և օտար ընկերությունների գործունեությունը։ Այս տարիներին պարբերականը կարևորել է հայ ժողովրդի երկու հատվածների փոխադարձ ճանաչումն ու մերձեցումը։
Նկատի ունենալով հայ ազգային շարժման հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ Արևմտյան Հայաստանի ոուսական գրավման հետ առանձնա-պես մեծ հույսեր չի կապել։ Չի հավատացել երիտթուրքերի՝ բարենորոգումներ իրագործելու խոստումներին, քննադատել է նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը, դատապարտել հայկական կոտորածների գաղափարական նախապատրաստումը և հայկական հարցի լուծումը տեսել հայերի պայքարի մեջ։ Դրական է արտահայտվել 1917 թ. Փետրվարյան հեղափոխության և ցարական իշխանության տապալման հանդեպ։ Քննադատել է «Թուրքահայաստանի մասին» խորհրդային դեկրետը՝ գտնելով, որ «կործանման եզրին կանգնած և իր հայրենիքից արտաքսվող ու կոտորվող հայ ժողովրդի համար ավելորդ է դառնում ազգային ինքնորոշման իրավունքը»։ Հայկական հարցի վերջնական լուծումն առնչել է Անտանտի քաղաքականության, հայ դատը բոլշևիկյան կառավարությանը հանգամանորեն ներկայացնելու և վերջինիս կողմից ըմբռնողություն գտնելու հետ։
Ունեցել է «Ներքին տեսություն», «Արտաքին տեսություն», «Շաբաթական լուրեր», «Մամուլ», «Այլևայլք» մշտական բաժինները, գրական, գիտական և հասարակական երկամսյա հավելված (1919 թվականին)։
Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ Ա. Դարբինյանը փայլուն կատարեց իր գործը և թերթի տպաքանակը նախական 500-ից հասցրեց 1800-ի: