Ռազմիկ Կարենի Թանդիլյան. ծնվել է 2001թ.-ի հուլիսի 6-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան՝ ուսանողի կարգավիճակում լինելով ընդամենը 4 ամիս:
2020թ.-ի հունվարին Ռազմիկը մեկնեց ծառայության՝ հպարտ ու թեթև: Մինչ շատերը խուսափում էին Արցախի որևէ շրջանում ծառայելուց, Ռազմիկը երազում էր, որ ծառայությունն անցնի Արցախում՝ Հադրութի շրջանում:
Նրա ընկերներից շատերը ծառայում էին հենց այդ շրջանում: Վիճակահանությամբ Ռազմիկի երազանքը դարձավ իրողություն:
Ծառայությունը Հանդրութի 2-րդ գումարտակի 5-րդ վաշտում անցնում էր խաղաղ ու առանց միջանձնային խնդիրների:
Պատերազմի օրերին բոլորին՝ մոտ ու հեռավոր, վստահեցնում էր, որ ամեն ինչ կարգին է, և իր համար անհանգստանալու կարիք չկա: Ամեն ինչ անում էին, որ հատկապես մայրերը, քույրերն ու սերերը չանհանգստանան, չհուզվեն:
Վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել եղբոր հետ՝ հոկտեմբերի 7-ին:
Երբ եղբայրը լսել է կրակոցների ձայները, հարցրել է.
-Քանի՞ թուրք ես խփել:
-Ինչքա՜ն սիրտդ կուզեր,-հնչել է պատասխանը:
Հետո հորեղբայրն անհանգստացած խնդրել է, որ ինչքան հնարավոր է հեռու մնա թեժ կետերից:
-Բա ես է՞դ տղեն եմ,-վրա է բերել Ռազը:
Հավերժ փառք…