Azg.am-ի զրուցակիցն է կարատեի Չեխիայի քառակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն հայազգի մարզիկ Ալեքսանդր Մազմանովը։
-Ալեքսանդր, Դուք ծնվել և մեծացել եք Չեխիայում։ Ո՞ր տարիքից եք սկսել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։
-Այո՛, ես ծնվել եմ Չեխիայում, բայց Հայաստանն էլ ծնվել է իմ մեջ։ Կարատեով զբաղվում եմ 11 տարեկանից. հիմա ես 20 տարեկան եմ։ Փաստորեն՝ արդեն 9 տարի է։
-Ձեր հաղթանակները միշտ նվիրում եք Հայաատանին և հայ զինվորներին։ Որքա՞ն հաճախ եք Հայաստանում լինում, ինչպե՞ս եք կապը պահում հայրենիքի հետ։
-Հաղթանակներս Հայաստանին և հայ զինվորներին նվիրում եմ, որովհետև յուրաքանչյուր մարզիկ իր բոլոր հաղթանակները պետք է նվիրի հայրենիքին և հայրենիքը պաշտպանող զինվորներին։ Հայաստանում մարդիկ հանգիստ ապրում և քնում են, որովհետև զինվորները պաշտպանում են մեր հողերը։ Այնպես որ, իմ հաղթանակները նրանց նվիրելն ամենափոքր բանն է, որ կարող եմ անել։
Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, ապա փորձում եմ շատ հաճախ լինել իմ հայրենիքում։ Ես Հայաստանը շատ եմ կարոտում։ Երբ արձակուրդներ եմ ունենում, և դասերս քիչ են լինում, անպայման Հայաստան եմ գալիս։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում 4-5 անգամ այդտեղ եմ լինում։ Մայրական կողմից բոլոր բարեկամներս Հայաստանում են անպրում։
Հայաստանի հետ կապը շատ ամուր եմ պահում։ Այդտեղ նաև ընկերներ ունեմ, նրանց ևս շատ եմ կարոտում։
-Ալեքսանդր, իսկ երբևէ Հայաստանում հաստատվելու, այստեղ մարզադպրոց հիմնելու մտադրություն ունե՞ք։
– Այո՛, իհարկե ունեմ։ Ուզում եմ հետագայում իմ հայրենիքում ապրել։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո այստեղ՝ Չեխիայում, պետք է ընդունվեմ համալսարան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումն ավարտելուց հետո ուզում եմ գալ և Հայաստանում աշխատել։ Փետրվարին՝ Հայաստանում եղածս ժամանակ, ծանոթացել եմ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ. ինձ համար կապեր եմ ստեղծում։
Մարզադպրոց բացելու միտք ևս ունեմ, բայց ոչ՝ Չեխիայում, որովհետև ուզում եմ մարզադպրոցը Հայաստանում հիմնել և հայ երեխաներին մարզել։
-Լուսանկարներում գրեթե միշտ հայկական եռագույնը Ձեր ձեռքում է։ Հայաստանի՞, թե Չեխիայի դրոշի ներքո եք մրցում։
-Քանի որ Չեխիայի քաղաքացի եմ, իրավունք չունեմ այդ երկրի դրոշը չբարձրացնել։ Մրցումների ժամանակ ես և՛ հայկական, և՛ չեխական դրոշն եմ բարձրացնում։ Բայց միշտ փորձում եմ այնպես անել, որ հայկական դրոշը միշտ ավելի շատ երևա, հայկական դրոշով նկարվեմ (ծիծաղում է՝ խմբ.)։
-Ալեքսա՛նդր, բացի Ձեր հաղթանակները հայ զինվորին նվիրելուց՝ է՞լ ինչպես եք նրանց աջակցում։ Եթե օգնելու լինեիք, ի՞նչ տեսակի օգնություն կցուցաբերեիք ամեն օր սեփական կյանքը վտանգելով հայրենիքը պաշտպանող այդ տղաներին։
-Ճիշտն ասած՝ դեռ միայն հաղթանակներս եմ նվիրում։ Իսկ եթե մտածեմ, թե ինչ կերպ կարող էի հայ զինվորին օգնել… գիտե՞ք, եթե հիմա ասեմ, որ կգնամ, իրենց կողքին կկանգնեմ, ճիշտ չի լինի. մարդիկ կասեն՝ ձայնդ տաք տեղից է դուրս գալիս։ Եթե կարողանայի, իհարկե ֆինանսապես կօգնեի, որպեսզի հայ զինվորն ավելի լավ սնունդ, ծառայության պայմաններ ունենա։
– Ինչո՞վ եք ոգեշնչվում մրցույթների ժամանակ, ո՞րն է հաղթանակի Ձեր գրավականը։
-Մրցույթներից առաջ, երբ մարզազգեստս եմ հագնում, երեք անգամ համբուրում եմ հայկական եռագույնը։ Դրանից ես շատ մեծ ուժ եմ ստանում և մտածում եմ, որ անպայման պետք է հաղթեմ մենամարտում։ Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ հենց հայն է հաղթել, ուզում եմ՝ բոլորը ևս մեկ անգամ իմանան Հայաստանի մասին։
-Այսինքն՝ Ձեզ հենց հայ լինելն է ոգեշնչում։
-Այո՛, հենց դա։ Մենք յուրահատուկ ազգ ենք, և մեր դրոշը միշտ պետք է հաղթանակած ծածանվի։
-Ալեքսա՛նդր, իսկ կա՞ն մարզիկներ, որոնց հետ կցանկանայիք մրցել:
-Կոնկրետ մարզիկներ երևի չկան, որովհետև ես միշտ բոլորին պետք է հաղթեմ (ծիծաղում է՝ խմբ.)։ Կոնկրետ իմ երազանքն այն է, որ մենամարտեմ թուրք մարզիկի հետ։ Ես դեռ թուրք կամ ադրբեջանցի մարզիկի հետ չեմ մրցել։ Իմ երազանքներից մեկն է, որ նրանցից մեկնումեկի հետ մենամարտեմ և հաղթեմ։
Հ.Գ. 2021 թվականին ծանր ավտովթարի ենթարկվելուց հետո Ալեքսանդր Մազմանովն այս պահին էլ շարունակում է ակտիվ մարզումները և պատրաստվում 2023 թվականի սեպտեմբերին Բելգիայում անցկացվելիք կարատեի աշխարհի առաջնությանը։ Առջևում նաև 2024-ին նախանշված աշխարհի առաջնությունն է։
Ի դեպ, 2022-ին նվաճած աշխարհի փոխչեմպիոնության արծաթե մեդալը, մարզիկի խոսքով, իր համար ոսկուց էլ թանկ է, քանի որ այն նվաճել է ավտովթարի վնասվածքներից դեռ լրիվ չապաքինված։