ՆՅՈՒԹ 10
Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –
Հոդվածաշարի նախորդ մասը, –
Արտակ Դարբինյան
Դարբինյանն այդ շրջանում մեծ հեղինակություն էր վայելում արեւմտահայ բոլոր քաղաքական ուժերի շրջանում և երբ՝ 1917թ. մայիսին Երեւանում գումարվեց Արեւմտահայերի 1-ին համագումարը և ստեղծվեց Գործադիր մարմին, դրա անդամներից մեկը Դարբինյանն էր: 1918թ. Արեւմտահայ Խորհրդի որոշումով Ա. Դարբինյանն անցավ Հյուսիսային Կովկաս, եղավ Արմավիր, Ռոստով եւ Վլադիկավկազ քաղաքներում` փորձելով գումարներ հանգանակել հօգուտ գաղթականության: 1919թ. վերադարձավ Երեւան եւ մեծ ավանդ ներդրեց մարտի 24-ից այստեղ հրատարակությունը վերսկսած «Վան-Տոսպ», իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ից ՀՌԿ Հայաստանի կենտրոնական խորհրդի պաշտոնաթերթ դարձած «Հայաստանի Ձայն» օրաթերթի խմբագրման եւ հրատարակության գործում:
1919թ. դեկտեմբերի 21-27-ին տեղի ունեցավ ՀՌԿ Հայաստանի Շրջանային 2-րդ համագումարը, որը բացեց եւ հաշվետու զեկուցումով հանդես եկավ Ա. Դարբինյանը եւ շեշտեց համագործակցության ու անկախ հայրենիքի հզորացմանը նպաստելու անհրաժեշտությունը: Կենտրոնական խորհրդի եւ Դիվանի անդամ ընտրված Ա. Դարբինյանն ըստ էության դարձավ ՀՌԿ Հայաստանի Շրջանի ղեկավարը` միեւնույն ժամանակ ընտրվելով ՀՌԿ 3-րդ Ընդհանուր Պատգամավորական ժողովի պատգամավոր: 1920-ի վերջերին տեղի ունեցած այդ ժողովում նա հանդես եկավ զեկուցումով Վանի ինքնապաշտպանության, գաղթի ու գաղթականության վիճակի, անկախ հանրապետության, գրահրատարակչական եւ կուսկազմակերպչական գործունեության վերաբերյալ: Ա. Դարբինյանի վաստակի արժանի գնահատումը եղավ այն, որ նոյեմբերի 28-ի նիստում քվեների բացարձակ մեծամասնությամբ նա ընտրվեց կուսակցության Կենտրոնական վարչության անդամ:
Հայաստանի խորհրդայնացման հետեւանքով առաջացած բարդ իրավիճակում Դարբինյանն արտահայտելով ՀՌԿ-ի կառուցողական դիրքորոշումը՝ 1921թ. հունվարի 14-ի ՀՌԿ Հայաստանի Կենտրոնական խորհրդին եւ «Հայաստանի ընկերներուն» հղած նամակում շեշտում էր, որ «պետք է ջանքեր գործադրել երկրում օրինականությունն ամրապնդելու համար, որպեսզի հնարավոր լինի պահպանել արնաքամ ժողովրդի ֆիզիկական գոյությունը»: Անխոնջ կուսակցական գործիչը զբաղված էր նաև կազմակերպչական աշխատանքներով: 1921թ. կուսակցության կենտրոնական վարչությունը նրան ուղարկում է Բուլղարիա եւ Ռումինիա, որտեղ շատ կարճ ժամանակում հիմնադրվեցին ՀՌԿ 5-6 ակումբներ:
1922թ. ռամկավարները արևմտահայ գաղթականներին Հայաստանում տեղավորելու հարցով ստեղծվեց միջկուսակցական մարմին: Պատվիրակ ընտրվեց Ա.Դարբինյանը: Նա հանդիպեց Ա. Մյասնիկյանի, Ա. Մռավյանի, Ս. Լուկաշինի, Գեւորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի հետ: Այնուհետև որպես Ամերիկայի շրջանակի պատգամավոր մասնակցեց 1922թ. հունիսի 2-23-ին տեղի ունեցած ՌԱԿ Ա. Ընդհանուր պատգամովորական ժոդովին, որից հետո մեկ տարի գործեց Բուլղարիայում, ապա անցավ Փարիզ: Ապա մասնակցեց ՌԱԿ Բ. Ընդհանուր պատգամավորական ժոդովին: Ի դեպ` հետագայում էլ Դարբինյանը գործուն եւ ղեկավար մասնակցություն ունեցավ ՌԱԿ Գ` 1926թ., Դ` 1929թ., Ե` 1931թ., Զ` 1934թ., եւ է` 1937թ., ԸՊ ժողովնհրին: Շուտով Բ. ԸՊԺ-ի որոշումով Դարբինյանը մեկնեց Աթենք: Հատուկ լիազորագրով նա քննեց Հունաստանի, ապա ՌԱԿ Եգիպտոսի շրջանակի գործերը: Սրանք վկայում են Դարբինյանի հեղինակության, անաչառության ու ազդեցության մասին:
Միաժամանակ Ծերուկ, Արշեն, Վահրամ եւ Հրահատ ծածկանուններով Ա. Դարբինայնը երկար տարիներ կարողացավ պատշաճ բարձրության վրա պահել լրագրող կուսակցականի պատիվը: Հրապարակախոս-խմբագրի գրիչը հատկապես բեղուն գործեց, երբ 1927-34թթ. ստանձնեց ՌԱԿ-ի «Ապագայ» թերթի խմբագի պաշտոնը: Սակայն Դարբինյանի հեղինակությունը ռամկավար շրջանակներով չէր ահմանափակվում: 1930թ. հոկտեմբերի 6-ին փարիզաբնակ մի խումբ գրողների անունից Ավ. Իսահակյանը, Վ. Թեքեյանը եւ Ղ. Մելոյանը նրան նամակով հրավիրեցին «Հայ Գրողների ընկերության» հիմնադիր ժողովին մասնակցելու համար: Կամ` 1946-48թթ. նա գլխավորեց ֆրանսահայերի ներգաղթի կենտրոնական հանձնաժողովը եւ այլնՆա իրատես եւ ողջամիտ հայրենասեր էր և մեծապես սատարել է Հայրենիք-Սփյուռք առողջ կապեր ստեղծելուն: Ա. Դարբինյանը թողել է զգալի ստեղծագործական ժառանգություն, որի մեջ իր նշանակությամբ առանձնանում է հատկապես «Հայ ազատագրական շարժման օրերեն» հուշագրությունը, որն զբաղեցնում է իր ուրույն տեղն ու դիրքը ռամկավար հուշագրության եւ ողջ գրականության, ինչպես նաեւ ազգային պայքարի վերաբերյալ հայկական կուսակցական գրականության մեջ եւ նվիրված է 1890–1940թթ. ժամանակահատվածն ընդգրկող, ժողովրդի պատմության ողբերգական եւ հերոսական դրվագներով լեցուն հիսնամյակին: ՌԱԿ առաջին սերնդի նվիրյալը Արմենական-Սահմանադրական-Ռամկավար ազատական շղթայի գործուն մասնակիցն էր ու ղեկավարներից մեկը և իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց Հայ ազատագրական պայքարին, հայապահպա-նության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորագույն գործընթացներին: