Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Նշենք, որ այս կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար։
Դատարանը միջազգային կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների և մասնավոր կողմերի միջև արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ լուծման համար:
Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչև չորս արբիտր, որոնք հայտնի են որպես «Դատարանի անդամներ» (նշանակվում են 6 տարով և կարող են վերանշանակվել):
Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի ՍԴ-ի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու Հայաստանի Հանրապետության հանձնառությանը։
Հարկ է նկատել նաև, որ այս պահին Հայաստանի մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո:
Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար: