Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված մարդասիրական աղետալի իրավիճակին։
Միրզոյանը, մասնավորապես, Վիեննայում հայտարարել էր, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը»։
«Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ», – ասել էր Միրզոյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում ասվում է.«Այն փաստը, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» հարգելու փոխարեն՝ Հայաստանի արտգործնախարարը «խոչընդոտում է» խաղաղության գործընթացին՝ վկայակոչելով շուրջ 30 տարի «օկուպացված Ղարաբաղում» ապրող հայերի «իրավունքներն ու անվտանգությունը» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ), վկայում է հայ պաշտոնյաների իրական մտադրությունների մասին: Անընդունելի է «Ղարաբաղի բնակչություն» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) ասելով նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից «վտարված» ադրբեջանցի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ «Ադրբեջանը հայ բնակիչների հետ երկխոսության նախաձեռնող կողմն է, և կարևոր է փոխադարձ պատասխան տալ Ադրբեջանի այս «բարի քայլերին»։
«Տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) մասին հայտարարությունները «քաղաքական արկածախնդրություն են և շահարկում» (չակերտները՝ Ադրբեջանի ԱԳՆ) Հայաստանի կողմից։ Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ առարկությունն այս պնդումների «անհիմն» լինելու օրինակ է», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ երեկ արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը՝ այս կերպ պատասխանելով Բաքվի՝ արցախահայության մարդասիրական կարիքները հոգալու նպատակով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկին։