«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն էր հայտնել Արարատ Միրզոյանին՝ նախօրեին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության առիթով հղած ցավակցական ուղերձի համար:
«Հրապարակի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ վերջին շրջանում մենք տեսնում ենք հայ-թուրքական ցավակցային փոխադարձ ուղերձներ, եւ ինքը ենթադրում է, որ ներկա իշխանությունները դա հիմնավորում են դիվանագիտական էթիկետով, երբ հարեւան երկրները կամ ուղղակի երկրները նման դեպքերում ցավակցում են:
«Ենթադրում եմ, որ իրենց ամենակարեւոր հիմնավորումը դա է լինելու, բայց, հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, արցախյան պատերազմում նրա բացահայտ ներգրավվածությունը, բազմահազար զոհերի մեջ Թուրքիայի ուղղակի մեղսակցությունը, Հայաստանի չափից ավելի ջերմեռանդությունն այս ցավակցային հեռագրերն ուղարկելու հարցում, կարծում եմ, այնուամենայնիվ, որոշ տարընկալումների պատճառ է դառնում, եւ ավելի զսպվածությունը եւ ավելի հաշվարկով տեքստերը ձեւակերպելը օգտակար կլինի Հայաստանի համար»,- ասում է արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:
Նա նշում է նաեւ, որ երբ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում այդ ողբերգությունը տեղի ունեցավ, Թուրքիան ցավակցեց, բայց չնշեց «Սուրմալու» անունը, որովհետեւ Սուրմալուն հայկական գավառ է, որն այս պահին բռնակցված է Թուրքիային:
«Այսինքն՝ Թուրքիայում գտնվող պատմական հայկական տարածքներից մեկի անունն է, եւ Թուրքիան իր ցավակցական հեռագրում «Սուրմալու»-ն անգամ չէր կիրառել: Անգամ այդ հեռագրերում բառերը, տերմինները, դրանց ինտենսիվությունը, շեշտերը շատ կարեւոր են, իսկ իշխող կուսակցության մի պատգամավորի՝ վերջերս արած ցավակցական ուղերձը Թուրքիային, նաեւ՝ Կովկասի բոլոր ժողովուրդների անունից, չեմ կարծում, որ Թուրքիայում դա ընկալվեց որեւէ կերպ: Փոխարենը հայկական հասարակության մեջ առաջացրեց հերթական ալիքը՝ ճիշտ մեսիջներ չուղարկելու եւ թշնամի պետության հանդեպ այդքան ուշադիր լինելու հարցում տարընկալումներ առաջացնելու իմաստով»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը»: