«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ եւ հեշտ չեմ հանձնվում»։
Հեքեքյանը հստակ չնշեց իր ազատման պատճառները՝ ասելով, որ դրանք շատ են եւ տարբեր։
«Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ես աշխատելու եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ», – ասաց նա։
Տիգրան Հեքեքյանը նաեւ հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն. նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող իրեն ստիպել անել այն, ինչ որ չի ցանկանում»: