Ստամբուլում կանխատեսվող նոր՝ ուժգին երկրաշարժի դեպքում մոտ 100 հազար շենքեր կավիրվեն, դրանց բնակիչները կմնան փլատակների տակ, Hürriyet-ի հետ զրույցում ասել է թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ Նա նշել է, որ եղած շենքերը սեյսմակայուն չեն և չեն դիմանա այն հզոր երկրաշարժի դեպքում, որի մասին կանխատեսումներ հնչում են վաղուցվանից։
«Առաջին հերթին անհրաժեշտ է մտածել այդ մասին, տներ կառուցել մարդկանց համար, ում կյանքը վտանգի տակ է»,- նշել է սեյսմոլոգը՝ հավելելով, որ Թուրքիայում անհրաժեշտ է հատուկ օրենք ընդունել, որով կնախատեսվի սեյսմակայուն շենքեր կառուցել։
Նշենք, որ թուրք սեյսմոլոգները բազմիցս նախազգուշացրել են Ստամբուլում ու դրա մոտակայքում նոր՝ հզոր երկրաշարժի վտանգի մասին՝ կանխատեսելով, որ 7 և ավելի բալի ցնցումների դեպքում 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 90 000-ից ավելի շենքեր կարող են փլվել միանգամից, իսկ 260 000-ը կվնասվեն ու պիտանի չեն լինի հետագայում շահագործվելու համար։ Սեյսմոլոգների կանխատեսումներով՝ այդպիսի երկրաշարժի դեպքում ժամանակավոր կացարաններով անհրաժեշտ կլինի ապահովել 4,5 միլիոն բնակչի։
Սեյսմոլոգ Նաջի Գյորյուրն իր հերթին Hürriyet-ին ասել է, որ Ստամբուլի շրջանում 7 և ավելի բալանոց երկրաշարժի հավանականությունը 60 տոկոս է կազմում, իսկ քաղաքը դրան ընդհանրապես պատրաստ չէ։
Նշենք, որ 1999 թվականի օգոստոսին Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում գտնվող Ստամբուլի շրջանում 7,6 մագնիտուդով երկրաշարժից, պաշտոնական տվյալներով, մահացել էր 17,2 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ գրեթե 40 հազարը, ևս 45 000-ն էլ տուժել էին։
Ստամբուլն ուժեղ երկրաշարժին նախապատրաստելու անհրաժեշտության մասին այդ երկրի իշխանություններն սկսեցին լրջորեն մտածել միայն այս տարվա փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով մահերը գերազանցեցին 50 000-ը։