Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը Արցախից բռնի տեղահանցվելուց հետո կնոջ հետ ապաստանել է Երևանում վարձով բնակվող աղջկա տանը (բնակարանի տերն այն եզակի մարդկանցիցի է, ով չի բարձրացրել վարձավճարի չափը), մինչդեռ բազմաթիվ արցախցիներ առ այսօր բնակության հիմնական հասցե չունեն և ապրում են ընկերների, ծանոթների տներում կամ հյուրանոցներում:
«Ով ինչպես կարողանում, իր գլխի ճարը տեսնում է, ում ինչ բախտ վիճակվել է, այդպես էլ ապրում է։ Հայաստանում բարի մարդիկ շատ են, նրանք ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվող արցախցիներին։ Բայց հավանաբր գիտեք, որ թոշակներ, աշխատավարձեր դեռևս չենք ստացել։ Յուրաքանչյուր արցախցու տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ևս ոչ բոլորն են ստացել։ Օրինակ ես չեմ ստացել, կինս՝ նույնպես։ Դեռևս մեր փոքրիկ խնայողությունների հաշվին ենք գոյատևում», -Azg.am-ի թղթակցին պատմեց Բորիս Առուշանյանը։
Արցախցի գործչի համոզմամբ՝ եթե Հայաստանի Հանրապետությունը աշխատանքով, բնակարանով և մյուս անհրաժեշտ պայմաններով չապահովի հայրենի տունը հարկադրված լքած արցախցիներին, մեծ է հավանականությունը, որ նրանք վաղ թե ուշ ստիպված կլինեն արտագաղթել, մանավանդ որ մի քանի հազար արցախցի արդեն իսկ հեռացել է Հայաստանից։
«Սա մեծ դժվարություններ կառաջացնի, որովհետև մենք մտածում ենք Արցախ վերադառնալու մասին։ Բայց դրա համար նախ պետք է համապատասխան պայմաններ ապահովվեն. ամենից առաջ անվտանգային երաշխիքների միջազգային մեխանիզմներ պետք է ստեղծվեն, պետք է Արցախի կարգավիճակի հարցը հստակեցվի, այլապես ոչ ոք չի ցանկանա Արցախ վերադառնալ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախաձեռնում են մի խումբ արցախցիներով հանդիպել Արցախի և ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ, բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Նման հանդիպումներ, սակայն, առայժմ չեն կայացել։
Բորիս Առուշանյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ աշխատանքի ակտիվ փնտրտուքների մեջ են. նրա գինեկոլոգ կնոջը երևանյան երկու բուժհաստատություններից հրավիրել են հարցազրույցի, ուղարկել վերապատրաստման՝ խոստանալով, որ աշխատանքի կընդունեն։ Եթե թոշակները չվճարեն, ինքը ևս ստիպված կլինի աշխատանք փնտրել։