Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
ՔԿ-ից հայտնում են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»:
«Մեր տեղեկություններով՝ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան:
Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»»,– գրում է լրատվամիջոցը։








