Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։
Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լալա Ղուկասյանից տեղեկացա, որ մրցույթը չի կայացել, քանի որ ոչ մի մասնակից չի եղել։ Հովք գյուղի մի բնակիչ, որը չցանկացավ իր անունը հրապարակել, լրագրողիս հայտնեց, որ գյուղի դպրոցի տնօրինությունը Հովքի բնակիչներին աշխատանքի չի ընդունում, գերադասում է աշխատանքի տեղավորել Իջևան քաղաքի բնակիչներին։
Հովքի բնակիչը հավելեց ․ «Շատ տխուր է մեր գյուղում երիտասարդների վիճակը, ուրիշ ոչ մի աշխատատեղ չկա, որտեղ կարողանան գոնե սկզբի համար աշխատեն։ Ասեմ, որ Հովքից Հովքի դպրոցում վերջին 7-8 տարում աշխատանքի ընդունել են միայն մի աղջկա, որը հիմա դասվար է ու չգիտեմ թե ոնց է հաջողացրել։
Դա մեզ մոտ արդեն սովորական է, ավարտող երիտասարդը չի էլ դիմում՝ մեկ է, գիտի, որ չի ընդունվելու, այլ տեղ ավելի գրկաբաց են ըդունում ու ավելի սիրով»։
Հովքի դպրոցի տնօրենի ԺՊ, Հովք գյուղի հարս Լալա Ղուկասյանին հարցրի, թե ինչու տեղացի կադրերին աշխատանքի չեն ընդունում, նա ասաց, որ նման բան չկա, տեղացիները չեն դիմել։ Նրան հարցրի, թե ինչու Հովքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի անցկացվում։ Ասաց, որ դա ընթացքի մեջ է, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը այդ նպատակով դպրոցի զարգացման ծրագիր է գրում։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։