Նորմալ եմ վերաբերում կանանց՝ բանակում ծառայելուն, իհարկե ոչ այն առումով, որ ցանկանում եմ՝ հայ օրիորդները անպայման ծառայեն. դա որոշակի առումով այնքան էլ նորմալ չէ, որովհետև երիտասարդ հայ կնոջ ապագան ընտանիք կազմելն է, որդեծնությունը։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ բարեկամ երկրներով է շրջափակված՝ այո՛, մեզ մոտ նաև իգական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով 6 ամսով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման փաստին։
«Կան զինվորական մի շարք մասնագիտություններ, որտեղ իգական սեռի ներկայացուցիչներն առավել արդյունավետ են ծառայում, քան արական սեռի ներկայացուցիչները։ Օրինակ՝ լուրջ բանակներում դիպուկահարների մեծ մասը կանայք են։ Իգական սեռի ներկայացուցիչները կարող են նաև այլ ստորաբաժանումներում ծառայել։
Իսրայելական բանակում, օրինակ, կանայք ծառայում են օդուժում, զրահատանկային և հրթիռահրետանային զորքերում, ինչպես նաև հետևակում»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ ներկա պայմաններում պետք է օգտագործվի նաև պահեստազորում գտնվող սպաների՝ մի քանի տասնյակ հազարի հասնող ռեսուրսը, ինչը, սակայն, չի արվում։
«Պահեստազորում գտնվող մարդիկ ունեն կրթություն. նրանցից շատերն առնվազն մեկ-երկու ռազմական բուհ են ավարտել, ունեն մարտական գործողությունների մեծ փորձառություն։ Իսկ Փաշինյաննն այժմ զբաղված է զուտ իմիտացիայով և բառախաղերով։
Ինչ վերաբերում է իշխանությունների ձևակերպմանը, որ ներդրվում է «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ», թող բառախաղով չզբաղվեն. կամավոր-պարտադիր չի լինում։ Եթե ծառայությունը պարտադիր է, նշանակում է, որ նաև Սահմանադրության մեջ, մի շարք իրավական ակտերում պետք է ամրագրվի, որ զորակոչվում են նաև իգական սեռի անձինք՝ այսինչ տարիքից, այսքան ժամկետով։ Իսկ դա կլինի պարտադիր զորակոչ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ. ծառայությունը կտևի 6 ամիս:
Նախատեսվում է որոշումը իրագործել ձմեռային զորակոչից։ Ծառայության ավարտից հետո կանայք կստանան պատվո վճար 1 մլն դրամի չափով։
Օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:
Հ.Գ. Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարությա նիստոսւմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ եթե կամավոր է, ապա ինչո՞ւ է կոչվում պարտադիր, նախարարը պարզաբանեց՝ կամավոր է լինելու մինչև զորակոչվելու ժամկետը, 6 ամիսը դառնում է պարտադիր։