Ինչպե՞ս կարող է փակ ճանապարհի պատճառով մի քանի օր դպրոց չգնացող, և ընդհանրապես 30 տարուց ավելի բացասական սպասման մեջ մեծացող սերնդի հոգեբանությունն ադեկվատ լինել։ Այդ երեխաներին պետք է հետազոտել, որովհետև ֆորսմաժորային իրավիճակներում ապրող երեխաների վիճակը չի կարող լավ կամ բնակոնոն լինել. դա այն երեխաներն են, որոնց մանկությունը խլել են իրենց ձեռքից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով իրենց ընտանիքներից հեռու գտնվող արցախցի երեխաների հոգեվիճակին։
«Այդ երեխաները մանկություն չունեն։ Նրանք նայում են իրենց ծնողներին, հիշում իրենց հայրերին, որոնք զոհվել են պատերազմում, անգամ մանկահասակ երեխան Ձմեռ պապին նամակ է գրում՝ խնդրելով ոչ թե իր համար նվեր, այլ հոր մարմինը բերել»,- ասաց մեր զրուցակիցը։
Իրինա Ծատուրյանի խոսքով, այսքանով հանդերձ, արցախցիները բավական տոկուն են, և միայն առժամանակ անց կերևա՝ ադրբեջանցիների գործադրած հոգեբանական ճնշումներն ինչ ազդեցություն կուխնենան արցախցի դեռահասների վրա։
Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախից Երևան եկած դպրոցականներին, որոնք այստեղ էին Մանկական Եվրատեսիլը դիտելու համար, և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, հոգեբանը նկատեց.
«Այդ երեխաների մեջ գոնե դրական էներգետիկա կա, նրանք եվրոպական մակարդակի շոուի են մասնակցել և դեռ դրական ապրումներ ունեն։ Ամեն դեպքում, բոլոր երեխաները տարբեր են, և նրանց պետք է անհատականորեն մոտենալ։ Հնարավոր է՝ նրանցից մեկի պապիկը զոհվել է Արցախյան առաջին պատերազմին, և նրանց տան մթնոլորտն այլ է, մեկ այլ երեխա էլ ավելի ուրախ մթնոլորտում է մեծացել։ Նույն իրավիճակում տարբեր երեխաներ տարբեր կերպ են արձագանքում. դա գալիս է նրանց դաստիարակությունից։
Նաև շատ մեծ նշանակություն ունի Երևանում մնացած արցախցի երեխաների ուսուցիչների վերաբերմունքը։ Նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել»,- նկատեց հոգեբանը։
Հիշեցնենք, որ Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաներ, որոնք իրենց երկու ուսուցչի ուղեկցությամբ երեկ Երևան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու, չեն կարողանում վերադառնալ Արցախ։
«Մնացել ենք այստեղ, երեխաներն անտրամադիր են, փոքրիկներ կան, լաց են լինում, վախենում են։ Հարցնում են՝ բա ե՞րբ կարող ենք գնալ մեր տուն, թուրքերը փակել են, էլ չե՞նք կարող գնալ։ Կռիվ տեսած երեխաներ են, մտածում են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, որ եկել, մնացել էին, այս անգամ էլ է այդպես լինելու, մնալու են անորոշ ժամանակով, այն էլ՝ առանց ծնողների։
Մենք էլ երեխեքին հույս ենք տալիս, ասում ենք՝ կբանակցեն, կբացվի ճանապարհը։ Բայց դե՝ դրանք թուրք են, ինչ ուզում՝ անում են։ Ես ինքս էլ եմ վախենում, կկարողանա՞նք գնալ, թե՞ չէ։ Մեր հողում չեն թողնում ապրենք։ Ասում ենք՝ մի՛ վախեցեք, երեխաներ, մի բան անելու են, ամեն ինչ անում ենք, որ երեխաները չվախենան, մղձավանջ է»,-Aravor.am-ի հետ զրույցում ասել է երեխաների խմբի ղեկավար Անահիտ Գաբուզյանը։