ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են նախաձեռնել։ «ԵրիտԱրցախ» ուսանողական շարժման անդամները երթով շարժվել են Կառավարության շենք։ Ինչպես Հայաստանի տարբեր բուհերում, ԵՊՀ-ում էլ են արցախցի ուսանողներ սովորում։ Բողոքի ակցիան նաև նրանց աջակցելու համար է։ Արցախցի ուսանողներն արդեն 8 օր ապրում են անորոշության մեջ, հոգեկան ծանր վիճակում՝ անհանգստանալով Արցախում շրջափակման մեջ գտնվող իրենց հարազատների համար։
Ուսանողները պնդում են՝ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն անմասն մնալ Արցախի ճակատագրից։
«Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում ՀՀ քաղաքացիների և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության երաշխավորը. այդպես է եղել 1990-ականներից սկսած, այդպես պետք է լինի հիմա»,- հայտարարեցին ԵՊՀ ուսանողները։
Ստեղծված իրավիճակում «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը ՀՀ իշխանություններից պահանջում է.
– Հավուր պատշաճի կազմակերպել պաշտոնական միջնորդություն եւ սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլեւս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա եւ հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:
– Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը, ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ:
– Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով եւ հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյոք շարունակում եք պնդել, որ Ադրբեջանի կազմում միջազգային երաշխիքներով հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը»: