Անցնող շաբաթը լի էր եկեղեցու դեմ ցույցերով։ Ինչպես հիշում ենք, դեռեւս 2018-ին հեղափոխության «թավիշը» օրեր շարունակ «զավթած էր» պահում Վեհարանը։ Այժմ՝ 2024-ին, իշխանությունը նոր թափով նոր սպառնալիքներ է ուղղում դեպի ազգային արժեհամակարգը։ Հայտարարվել էր, որ «Վարդանանք» նախաձեռնությունն Էջմիածին քաղաքում բողոքի ցույց էր անելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
Էջմիածնի քաղաքապետարանն էլ հավաք անցկացնելու թույլտվությունը տվել էր, այնուհետեւ՝ չեղարկել։ Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, կուսակցություններ եւ քաղաքացիներ հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայարպետին, փաստացի՝ իշխանության հերթական ազգակործան քայլը թույլ չտալով։
Իշխանության կարեւորագույն վախն իրենց աթոռները կորցնելու հարցում մնացել է միայն եկեղեցին, որը բոլոր ժամանակներում եղել է ազգին միավորողն ու համախմբողը։ Ամենից ցավալին այն է, որ Հայ առաքելական եկեղեցուն դեմ գաղափարները սերմանվում են գրագետ եւ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից, որոնք օգտվելով տնտեսական խնդիրներ ունեցող եւ չքավորության մեջ ապրող մարդկանց կողմից փրկության ճանապարհ որոնելու հանգամանքից, կասկած սերմանելով նրանց սրտերում, փրկության թյուր ճանապարհներ են նրանց ցույց տալիս, սլաքներն ուղղելով դեպի Հայ առաքելական եկեղեցի եւ զարկելով սեփական կրծքավանդակներին՝ բղավում են իրենց առաջադեմ լինելու մասին։
ՄԱՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ՀՊՄՀ Ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանողուհի