Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող 2 անշարժ գույք և մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 200 մլն 950 հազար դրամ.
«Գ և Ս ռեզիդենս» ՍՊ ընկերության 50 տոկոս մասնակցությունը.
13 մլն 549 հազար 105 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
662 մլն 223 հազար 797 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: