Մինչև ԿԳՄՍ նախարարությունը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ից սպասում է պատասխանի, Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին է փոխանցվել ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով վերջնականապես հաստատվում է, որ 2017թ.-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն է:
Աղբյուրն ավելի վաղ ներկայացրել էր, որ այս աննախադեպ խայտառակությունից բացի, ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:
Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020թ.-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023թ.-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:
Զավեշտալի է, որ, դնելով հենց նույն ստորագրությունը հարցման պատասխանի վրա, Դիանա Գալոյանը պաշտոնական տեքստով ստել էր ԿԳՄՍ նախարարությանը (պաշտոնեական կեղծիք), թե գողը ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն: