Շատ կարևոր հարց եք տալիս, որը բավականին նրբություններ և դետալներ ունի, և այս պահին չեմ ուզում մեկնաբանել. խնդրում եմ՝ քիչ անց մեկնաբանեմ՝ լրացուցիչ ճշտումներ անելուց հետո. սխալ տեղեկատվություն չհասցնենք հանկարծ։ Այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն Azg.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք չեն խախտվել օրեր առաջ Արցախում մահացած երկու մանկահասակ երեխաների իրավունքները, որոնց մայրը սնունդ հայթայթելու և ոտքով Մարտակերտ հասնելու պատճառով վերջիններիս տանը մենակ էր թողել, իսկ արդեն հաջորդ օրը երեխաներին հայտնաբերել էին մահացած վիճակում։
Արթուր Հովհաննիսյանը միաժամանակ նշեց՝ որպեսզի նյութն առավել արդյունավետ լինի, իր կարծիքով հարցի հասցեատերը Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն է, որի հետ նաև իրենք են համագործակցում։
«Ես, իհարկե, սիրով կմեկնաբանեմ քիչ անց, բայց նյութն ավելի լավ տեղ հասցնելու համար կխնդրեմ նաև ՄԻՊ-ի կամ առնվազն գրասենյակի հետ խոսեք։ Ես Ձեզ պետք է խնդեմ՝ մեկ ժամից զրուցենք»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Մեկ ժամ անց, սակայն, Արթուր Հովհաննիսյանը համառորեն անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, և սա այն դեպքում, երբ խոստացել էր «սիրով մեկնաբանել» թեման։ Զանգերի հետ անպատասխան մնացին նաև մեր այն հարցերը, թե ՀՀ իշխանությունները պատասխանատվություն կրո՞ւմ են ողբերգական վերջաբան ունեցած այս դեպքի համար կամ երկու զավակի հայր լինելով՝ ինքը մտնո՞ւմ է այն երիտասարդ կնոջ դրության մեջ, որը երեխաներին քաղցած չթողնելու համար ստիպված նրանց տանը մենակ է թողել և Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից ոտքով հասել Մարտակերտ քաղաք, ինչին էլ հետևել է դժբախտ պատահարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին 3 և 6 տարեկան երեխաների մայրը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից գնացել էր քաղաք՝ երեխաների համար սնունդ բերելու։ Արցախում վառելիք չլինելու պատճառով երիտասարդ կինը Մարտակերտ գնացել էր ոչ թե մեքենայով, այլ ոտքով։ Այդ ընթացքում երեխաները մենակ էին մնացել։ Ավելի ուշ կինը վերադարձել էր տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաջորդ օրը Մարտակերտ քաղաքի մի բնակիչ երեխաների մարմինները հայտնաբերել էր իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ըստ տեսախցիկների ֆիքսած կադրերի՝ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել էին Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը և քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ էր հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։