Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
-Տիկին Ալավերդյան, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, ԼՂ հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը։
Ըստ Ձեզ, կարող է արդյոք նշված բանաձևը բեկում մտցնել իրավիճակի մեջ՝ դրական ազդելով Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների վերադարձի հարցի վրա, թե սա ընդամենը Ալիևին ուղղված հերթական կոչ է լինելու։
-«Եվրանեսթ»-ի կոչն, իհարկե, Ադրբեջանի վրա չի ազդելու, բայց կոչ անելն ինքնին ճիշտ է, այսինքն՝ հարցը լռության մատնելը սխալ է։ Մենք պետք է բոլոր դեպքերում ակտիվիզմը շատ գնահատենք։ Բոլորովին այլ է, որ այդ կոչերին միս ու արյուն տրվի և դրանք դիվանագիտական բոլոր հարթնակներում դառնան գործիք՝ մասնավորապես Հայաստանի կողմից։ Սա կարող է ազդել։
Ես պետք է օրինակ բերեմ. երբ մեր ՀԿ-ն (նկատի ունի «Ընդդեմ իրավական կամայականության»ՀԿ-ն՝ խմբ.) շատ ակտիվ էր պատանդների և գերիների վերադարձի հարցերով, մեզ օգնել և շատ մեծ գործ են արել Amnesty International -ը և Human rights watch-ը՝ կազմակերպելով այդ անձնաց որոնումն ու վերադարձը։ Ավելին, մահապատժի դատապարտված տղաների ենք վերադարձրել։
Այսինքն՝ շատ լավ է, որ -«Եվրանեսթ»-ը համապատասխան բանաձև է ընդունել, բայց չպետք է զուտ դրանով սահմանափակվել։
-Տիկին Ալավերդյան, եթե ոչ վերոնշյալ բանաձևը, ապա ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանի ղեկավարին կատարելու միջազգային պարտավորությունները և Հայաստանին վերադարձնելու անազատության մեջ պահվող ՀՀ քաղաքացիներին։
-Միայն և միայն Փաշաևների և Ալիևիների կլանի անդամների նկատմամբ անձնական սանկցիաները, ուրիշ ոչինչ։ Միայն այդ պատժամիջոցներն են նրանց վրա ազդելու։
-Բավարա՞ր եք գնահատում արևմտյան կառույցներում ՀՀ իշխանությունների աշխատանքը՝ ուղղված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակին։
-Ես միշտ դժգոհ եմ եղել՝ անգամ այն ժամանակ, երբ այսօրվա համեմատությամբ՝ բավականին աշխատանք էր տարվում։ Ես դեռ այն ժամանակ եմ ասել՝ դա բավարար չէ՝ համեմատած թե՛ Ադրբեջանի՝ ստի վրա կառուցված աշխատանքի հետ, և թե՛ այն հնարավորությունների, որոնք ընդհանրապես կան։
Հիմա նույն բանը կարող եմ կրկնապատիկ ասել. ավելի քան դժգոհ եմ։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ քիչ են աշխատում, այլ, իմ համոզմամբ, ամբողջովին կեղծ օրակարգ են մտցնում։ Այսինքն՝ եթե ես նախկինում դժգոհում էի, որ տարվող աշխատանքները բավարար չեն, այսօր համոզմունք ունեմ, որ աշխատում են ոչ այն ուղղությամբ, եթե չասեմ՝ հակառակ ուղղությամբ։ Նույն այդ կեղծ խաղաղության օրակարգն ամբողջովին խառնում է մեր նպատակները և ազգային խնդիրների մասին չէ։