«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Քպ-ի ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ քաղաքացիական գործով:
ՀԿ-ից Azg.am-ին հայտնում են, որ դատական նիստը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 27-ի՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում (հասցեն՝ Խորենացի 162Ա):
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ՝ զրպարտչական համարելով «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» նյութը: Իշխող կուսակցությունը նաև հայցի ապահովման միջնորդություն է ներկայացրել դատարան, որի հիման վրա ՀԿ-ի հաշիվներին կալանք է դրվել:
Նոյեմբերի 27-ին կայանալիք դատական նիստով ՀԿ-ն վիճարկում է հենց հայցի ապահովման կիրառումը: