19-ամյա Վախթանգ Մասումյանը վիրավորվելուց երեք օր անց, գիտակցության չգալով, մահացել է. News.am

25

«Աշխույժ, ժպտերես, կատակասեր»,– NEWS.am-ի հետ զրույցում այսպես է հիշում 19–ամյա Վախթանգին՝ հարազատներից Դիանան։

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Վախթանգ Մասումյանն է։

Նա Սյունիքի մարզի Սպանդարյան բնակավայրից էր, բայց վերջին տարիներին ընտանիքի հետ ապրում էր Երեւանում։ Վախթանգը բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։

Դիանայի խոսքով՝ Վախթանգի հետ ծնողները վերջին անգամ կապ են ունեցել սեպտեմբերի 13–ին, դրանից հետո կապն ընդհատվել է։ Հաջորդ օրը տեղեկացել են, որ Վախթանգը գլխի հատվածում ծանր վիրավորումով տեղափոխվել է Երեւան։

Բժիշկները երեք օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն, սեպտեմբերի 17–ին, Վախթանգը գիտակցության չգալով, մահացել է։

«Վախթանգը ականի բեկորից է վիրավորումը ստացել։ Նա ծայրահեղ ծանր վիճակում էր,  մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել, բժիշկներին հաջողվել է վերականգնել  սրտի աշխատանքը,  բայց սեպտեմբերի 17–ի ցերեկը գիտակցության չգալով նա մահացել է»,– պատմեց Դիանան։

Դիանայի խոսքով՝ Վախթանգն առողջական խնդիրներ ուներ, բայց բանակ էր զորակոչվել։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։

Վախթանգ Մասումյանին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զինվորական կարգով, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։