Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Ռուբեն Վարդանյանը կարեւորել է հատկապես այս ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նաեւ՝ բնակիչների առաջարկները առաջին ձեռքից ստանալը: «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև դրանք հաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին, նշել է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի մասին:
Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության գոնե նվազագույն կենսական կարիքները:
Խոսվել է նաև գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին: Դա կարեւոր է պարենային անվտանգության տեսանկյունից, այս պահին գրեթե անհմար՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված: Պետնախարարը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարըն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության:
Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:
Այս ձեւաչափով ու բովանդակությամբ՝ Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի երեք համայնքում՝ Նորագյուղում, Խնձրիստանում եւ Պատարայում: