Մարտիրոս Սարյանն ապագա կնոջը՝ Լուսիկին, հանդիպել է, երբ ինքը 35 տարեկան էր, իսկ Լուսիկը՝ 22։
«Ես վաղուց եմ նկարել քեզ, քո աչքերը, երբ դեռ չէի հանդիպել քեզ»,- հետագայում Լուսիկին սեր խոստովանելով՝ ասել է Մարտիրոս Սարյանը։
Դա սեր էր առաջին հայացքից։
Միասին ապրել են 56 տարի։
Լուսիկը Սարյանի տան լույսն էր. նրա աշխուժությունը, զրնգուն ծիծաղը, կենսուրախությունը տունն իրենով էր լցնում։
Թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, պատմում է, որ տատիկը չափազանց առատաձեռն ու հյուրասեր էր։ «Պապիկս «Կարմիր Մոսկվա» օծանելիք էր գնել ու տատիկիս գրել ՝ Լուսիկ ջան, այս օծանելիքը դժվար է ճարվում, խնդրում եմ, միայն դու օգտագործիր, ուրիշին չտաս»։
Հանդիպել է Հայոց ցեղասպանությունից հետո՝ դժնդակ օրերին, Թբիլիսիի «Մի բաժակ թեյ» սրճարանում։ Այդ ժամանակ 35-ամյա Վարպետը հոգեկան շատ ծանր վիճակում է եղել, ու հանկարծ հայտնվել է նրա կյանքի լույսը։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Լուսիկը՝ Սարյանի մուսան» խորագրով ցուցահանդես, որտեղ ամփոփված են Մարտիրոս Սարյանի՝ 56 տարիների ընթացքում ստեղծած Լուսիկի բոլոր կերպարները՝ մատիտանկարից մինչև մեծ կտավներ։