Այն, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ գերեվարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, արդեն իսկ խոսում է ձախողումների մասին։ Որպես կանոն՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտին տեղի է ունենում գերիների փոխանակում, և թեև գոյություն ունի Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն՝ անհապաղ ազատ արձակելու գերեվարված անձանց, այդ երկիրն արհեսատականորեն միջադեպ ստեղծեց, որի հիմնալան նպատակը նոր գերեվարումներ կատարելն էր, այսօր կայացած մամուլի ասուլի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին և բարձրաձայնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Երկրորդ՝ Հայաստանը կարծես թե ընդունեց այն խաղի կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ. մարդասիրական խնդիրները կապակցվեցին քաղաքական խնդիրների հետ, ինչի արդյունքում բոլոր գերեվարված անձինք պահվում են որպես պատանդներ՝ քաղաքական պահանջների բավարարում ստանալու նպատակով»,- ասաց բանախոսը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ պաշտոնական տվյալներով այս պահին Բաքվում է պահվում է 55 հայ՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ։ Նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 41-ը՝ ռազմագերի, ևս 8-ը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. վերջիններս համարվում են քաղբանտարկյալներ։
«Բայց սա ընդամենը պաշտոնական թվաքանակ է։ Սրանից զատ՝ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերի և քաղաքացիական անձինք, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։
Հատկանշական է, որ գերիները մինչ այժմ չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ։ Այցելությունները եղել են բացառապես ԿԽՄԿ-ի կողմից՝ շատ դեպքերում ուշացած՝ նույնիսկ պաշտոնայների մասով։
Ինչ վերաբերում է հայրենադարձված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, նրանք տվել են ցուցմունքներ վատ վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ, հետևաբար կարծում ենք, որ Ադրբեջանում խոշտանգումները կանխող մեխանիզմներ չկան և Բաքվում պահվող հայ գերիները հիմա էլ ենթարկվում են վատ վերաբերմունքի»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ թեև միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են Ադրբեջանում փաստահավաք գործությունություն ծավալել, սակայն այդ երկրի իշխանություններից որևէ արձագանք չեն ստանում։ Դրան հակառակ՝ շատ արագ մուտքի թույլտվություն տրվում է ադրբեջանամետ միջազգային մանդատներին։