Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը. «Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով հանդիպման բանախոսներն էին արցախյան շարժման ակտիվիստներ Դավիթ Իշխանյանն ու Եղիշե Առուշանյանը: Թեզը, թե շարժումը հեղափոխություն էր, Առուշանյանը չի ընդունում. պարզաբանում է՝ այն խորհրդային միության դեմ չէր, այլ՝ հանուն ազգային արժանապատվության:
«88 թվականին մենք մարդկանց մեջ ոչինչ չփոխեցինք, մենք ուղղակի մարդկանց մեջ արթնացրինք այն, ինչը նրանց մեջ ոչ թե քնած էր, այլ գտնվում էր որոշակի կիսարթուն վիճակում: Ղարաբաղյան շարժումը 20-ական թվականներից չի մարել, 60-ական թվականներին մեծ ակտիվություն ուներ, և 85-88 թվականներին արդեն ծագող զարթոնքը ի մի բերելն էր»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ Եղիշե Առուշանյանը։
1988 թվականին իրադարձությունների էպիկենտրոնում երիտասարդներն էին՝ գուցե կյանքի մեծ փորձ չունեցող, բայց համարձակ, ինչն ապացուցեցին նաև որպես զինվոր՝ մարտադաշտում: Հետադարձ հայացք ձգելով՝ Դավիթ Իշխանյանն ասում է՝ պայքարը պսակվել է հաջողությամբ, քանի որ այն գաղափարական էր:
«Երիտասարդ սերունդը այսօր պետք է գիտակցի, որ հարատև պայքարի գաղափարը մեր ժողովրդին ուղեկցող հատկանիշներից և ուղեկցող ուղղություններից մեկն է: Հարատև պայքար՝ մենք դատապարտված ենք հարատև պայքար մղելու, և յուրաքանչյուր ոք պետք է դա հասկանա, ընդունի և առաջնորդվի դրանով»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
«Մենք դարձանք ոչ թե ինչ-որ անձի, ինչ-որ երևույթի, ինչ-որ մեկի ուղղորդած ընթացքի զինվորը, այլ մենք դարձանք հայ ժողովրդի, հայ ազգի զինվորները: Մեր պայքարը հանուն հայության էր, մեր պայքարը հանուն հայության միասնության էր, մեր պայքարը հանուն հայկական հողերի միասնության էր»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ Եղիշե Առուշանյանը
Ներկա դժվարությունների մասին երիտասարդների հարցերին պատասխանելիս արցախյան շարժման ակտիվիստները չեն շրջանցում բացթողումները, բայց հիշեցնում են՝ պետք է շարունակել հավատարիմ մնալ 88-ի գաղափարին ու ոգուն, ապրել Արցախում:
«Շատերի համար ճանապարհի բացվելն այսօր դարձել է նպատակ. սա միջոց է, նպատակը՝ մեր այստեղ ապրել, արարել, ստեղծագործելն է: Նախ մեր կորուստները պետք է կարողանանք վերականգնել, բնականաբար, մեր նահատակների կորուստը վերակագնելն ահնար է, բայց մյուս բոլոր կորուստների վերականգման գաղափարն ու նպատակը պիտի մեզ համար լինի ուղեցույց: Եվ, անշուշտ, մենք պիտի կարողանանք դասակարգել այն հիմնական խնդիրները: Երբ ունենանք այդ դասակարգումը, երբ դասակարգված առաջնահերությունների մասին ունենանք պատկերացումներ, հայեցակարգային մոտեցումներ, ես կարծում եմ՝ մեր անելիքներն արդեն իսկ պարզ կլինեն»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։