«Rise and kill first․ առաջինը դու ոտքի կանգնիր ու հարվածիր․ այս միտքը հրեաների Թալմուդից է վերցված եւ Մոսադի սկզբունքներից մեկն է։ Եթե թշնամիդ դիմացդ է, ու գիտես, որ բարի նպատակով չի եկել, առաջինը դու հարվածիր ու ոչնչացրու նրան։ Հրեաները հեռատես են, մի քանի քայլ առաջ են ծրագրում իրենց անելիքը։ Եթե ինչ-որ մեկից հնարավոր է վտանգ սպասել, նա արդեն ցուցակագրված է։ Հրեաները չեն սպասում մինչև իրենց հարվածեն, հետո պատասխանը տան։ Նրանք վախօրոք են նախապատրաստվում ոչ թե դիմացինի հարվածին, այլ նրա հարվածի մտադրությունը կանխելուն։
Մենք սպասում ենք այնքան, մինչև հարվածն ստանում ենք, մեզ կոտորում են, մեր հայրենիքը խլում են։ Թուրքերը մեզ սպանեն, մեր երկիրը վերցնեն, հետո փողոց դուրս գանք, գոռգոռանք, բողոքենք»,- նկատում է Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր-նախագահ Վարուժան Սրապյանը։
Azg.am-ը ներկայացնում է ֆրանսահայ գործչի հետ հարցազրույցի 2-րդ հատվածը։
Վարուժան Սրապյանը վերլուծել է աշխարհաքաղաքական իրադարձությունները, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը դիտարկել է իրատեսական, ոչ թե զգացական հողի վրա։
«Զանազան կազմակերպություններ, կառուցներ այսքան տարի օգտագործեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ մեզ խաբելու կամ թմբիրի մեջ գցելու համար՝ քաջ իմանալով, որ նրանց գործունեությունը ոչ մի արդյունավետ նպատակի չի ծառայելու։
Ես սրա մասին շատ եմ գրել։ Գրել եմ նաեւ «Եվրոպա եւ Արեւլք» պարբերականում։
Հայոց ցեղասպանությունն ապակե առաստաղ է։ Տասնամյակներ շարունակ ջանացինք, որ տարբեր երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց եթե Թուրքիան այն չի ճանաչել, ի՞նչ շահեցինք, ինչ նպատակի ծառայեցին մեր ջանքն ու աշխատանքը, որի պատճառով շատ կարեւոր բաներ դուրս մնացին մեր տեսադաշտից»,-ասում է Վարուժան Սրապյանը։
Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է՝ մենք՝ հրեաներս, նախընտրեցինք, որ մեզնից վախենան, ոչ թե մեզ սիրեն։
Հայերս այդպիսին չենք, մենք սիրում ենք, երբ մեզ սիրում են։ Սպասում ենք, որ մեկը մեր մասին լավ խոսի, ասի, որ Հայոց ցեղասպանություն է եղել, մենք էլ հուզվենք, արտասվենք, շոյվենք։
«Երկար տարիներ որպես Հայոց ցեղապանության պատճառ էր նշվում մեր քրիստոնյա լինելը։ Ոչ, ցեղասպանությունը կրոնական հողի վրա չի եղել։ Մեզ ցեղասպանելու իրական պատճառը մեր հարստությունն ու հողերը մեզնից խլելն է եղել։
Տասնամյակներ շարունակ տարբեր կուսակցություններ մեզ սխալ պատկերացում ու դաստիարակություն են տվել, իսկ մենք երազների հետեւից ենք վազել։
Խլած հողերի մասին երազելու փոխարեն, նախ՝ ունեցածդ հողը պաշտպանիր, բնակչությանդ թիվը մեծացրու»,- նկատում է վերլուծաբանը։
Նա պատմեց, որ տարիներ առաջ «Չոպանյան» ինստիտուտը քաղաքագետ Արմեն Այվազյանին Ֆրանսիա է հրավիրել։ Գիտաժողովի ժամանակ խոսել են Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին։ Ֆրանսիացի մասնակիցներից մեկն ասել է՝ դուք 2-3 միլիոն եք ընդամենը, իսկ ձեր թշնամի հարեւանները 7-8 միլիոն են արդեն․ դա ամենամեծ վտանգն է հայերիդ համար։ Չկարծեք, թե Արցախի ստատուս-քվոն այսպես պետք է շարունակվի։ Նույնը Կիպրոսում է․ արդեն 40 տարի թուրքերը մտել են Կիպրոս ու դուրս չեն գալիս։
Օտարներն այս կարեւոր հանգամանքները տեսնում են, մենք, դժբախտաբար, չենք տեսնում։
Անցյալ տարվա հունիսին Վարուժան Սրապյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին։
Պատմում է. «Հարցրի՝ պարոն նախագահ, 2.5 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում «քաղաքական արյունը» փոխելու ռեսուրս ունե՞ք։ Պատասխանեց՝ ոչ։
Հարցրի՝ կուզե՞ք, որ սփյուռքահայերը Հայաստանի գործերում իրենց մասնակությունն ունենան, բայց ոչ թե ֆինանսապես, այլ տարբեր ոլորտներում իրենց գաղափարները բերելով։ Պատասխանեց՝ այո, բայց հիմա դա անհնար է անել, որովհետեւ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Եթե օրինակ, Լավրովը գնա թոշակի ու որոշի՝ ես հայ եմ, ուզում եմ Հայաստանի արտգործնախարարությանն իմ խորհրդատվությամբ կամ այլ կերպ օգտակար լինել, չի կարող դա անել, որովհետև նախ պետք է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ լինեն։ Հարցրի՝ ո՞վ պետք է այդ բարեփոխումների որոշումը կայացնի։ Պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը։ Հարցրի՝ բայց նա կուզենա՞ անել։ Պատասխանեց՝ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում