Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան երկու շենք է կառուցվելու։
2007 թվականից այդ տարածքում տարբեր սեփականատերեր ուզում են բարձրահարկել կառուցել, սակայն հարակից 13 շենքերի բնակիչները բողոքում են, պայքարում, քաղաքային իշխանությունները տեղի են տալիս, շինթույլտվությունը կասեցնում։
Արդեն 8-րդ սեփականատերն է եկել։ Գայի պողոտա 45/6 հասցեի հարակից շենքերի բնակիչները նորից թարմացրել են պաստառները ու ստիպված են բողոքի ակցիաները վերսկսել արդեն 8-րդ սեփականատիրոջ ու Երևանի քաղաքապետարանի դեմ, որն էլ շինթույլտվությունը տրամադրել է տարածքի սեփականատիրոջը։
Ավագանու այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկն էլ Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համաձայնություն տրամադրելու վերաբերյալ էր. հարցը հանվեց օրակարգից, բայց դրանով շինթույլտվությունը չչեղարկվեց։
Ավագանու նիստին զուգահեռ՝ քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում վերոնշյալ հասցեի հարակից շենքերի բնակիչները՝ Տիգրան Ավինյանից պահանջելով իրենց հետ հանդիպել ու բացատրել՝ 2007 թվականից ի վեր այդ տարածքում ոչ մի սեփականատիրոջ չի թույլատրվել բազմաբնակարան շենք կառուցել, հիմա ի՞նչը փոխվեց, ո՞ր նորմերը սկսեցին գործել, որ շինթույլտվությունը տրամադրվել է։