Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում։ Սակայն իր անունը ցուցակով չի անցել, ու նա դարձել է դատավոր։
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին, որը տեղի է ունեցել հակակոռուպցիոն դատարանում, մեղադրվող կողմը կարևորել է դատավորի՝ «Իմ քայլը» դաշինքում, նախընտրական ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքը։
Դատավոր Պետրոսյանը նախ հայտարարեց, որ երբեք չի թաքցրել, որ կուսակցության ցուցակում է եղել, նույնիսկ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներից մեկին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է Պետրոսյանը հայտնվել այնտեղ։ Դատավորը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ իշխող քաղաքական թիմից առաջարկ է ստացել միանալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Նա ընդունել է առաջարկը, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել է դրանից։
Արամ Վարդևանյանը մի քանի անգամ հարց ուղղեց դատավորին, թե նա որտեղ է եղել 2008 թվականի մարտի 1-ին, միգուցե իրացնո՞ւմ էր հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Դատավորը չպատասխանեց իրեն ուղղվող այս հարցին։
Այնուհետև դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց. «Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել, եղել եմ համայնքային ծառայող, փաստաբանական գործունեության արտոնագիր ունեմ, շատ կարճ ժամանակ փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվել: Ի դեպ, դատախազի թեկնածու եղել եմ 2017 թվականին, կարծում եմ՝ որևէ մեկի աչքից դա վրիպած չի լինի, այսինքն մինչև 2018 թվականի քաղաքական պրոցեսներն է եղել:
2019 թվականի ապրիլին նշանակվել եմ դատախազ, 2024 թվականի հուլիսի մեկին նախագահի հրամանով նշանակվել եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքական կերպար եմ:
Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերացնում, ամեն առավոտ արթնանում եմ Հայաստանի Հանրապետության հիմնի տակ, զարթուցիչս ՀՀ հիմնն է։