Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը, ԱԺ-ի դիմաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ երեկոյան, տեղադրել են նախագիծը։ Մի քանի տեխնիկական փոփոխություններ են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների՝ կոնկրետ անվանում կիրառելը։ Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինք, որն ունի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումը։ Այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվանման մեջ», – ասաց Գոհար Մելոյանը։
Նրա համոզմամբ՝ դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև ԿԸՀ դիմում է մուտքագրվել, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի, և կարողանան գործողություններ կատարել․
«Այսօրվա իշխանությունն իր աթոռը պահելու համար այնպիսի վախեր ունի, որ նման կտրուկ միջոցառումներ է դիմում»,- նշեց Մելոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։
Պատգամավորներն առաջարկում են սահմանել հետևյալը. կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։








