Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 5-6 տարվա ստեղծագործական աշխատանքը երևանյան 3 համերգով ամփոփելու է։
Նոյեմբերի 20-ին, 21-ին և 22-ին նա հանդես է գալու տարբեր ծրարգերով՝ և՛ սոլո, և՛ դուետ, և՛ տրիո։
Նոյեմբերի 20-ին նա կնվագի կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի և թմբկահար Ջոնաթան Փինսոնի հետ։
Ի դեպ, օտարերկրյա երաժիշտները՝ Ռիք Ռոզատոն, Ջոնաթան Փինսոնը, թմբկահար Նեյթ Վուդը, սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմը և բաս-կիթառահար Էվըն Մարիենը Երևանում կանցկացնեն եռօրյա վարպետության դասեր։
Տիգրան Համասյանը մտադիր է Հայաստանում ջազի դպրոց բացել։ Նրա կարծիքով՝ պահը հասունացել է, ժամանակը եկել է, որպեսզի տեղի երաժիշտները, հատկապես երիտասարդ սերունդը անցնի աշխարհահռչակ արվեստագետների ձեռքի տակով, լսի նրանց ու սովորի նրանցից։
Տիգրան Համասյանը համաշխարհային ճանաչում ունի։ Եվ շատերս սպասում էինք, որ նա միջազգային բեմերից, սոցհարթակներից կբարձրաձայնի Արցախի խնդիրը, կդատապարտի ադրբեջանական ագրեսիան։
«Բեմը ես համարում եմ սուրբ վայր, բեմը քաղաքականություն խառնելու տեղ չի։ Եթե ես խոսեմ, գրեմ սոցհարթակներում, միջազգային հանրությունը չի ընդունի իմ արարքը, արգելքներ կդնի իմ առջև»,- ասաց Տիգրան Համասյանը։
Նա կարծում է, որ լավ երաժշտություն գրելն ու նվագելն է իր գործը, իսկ քաղաքականությունն իրեն չի վերաբերում։







