Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը 1990 թվականի Բաքվի ջարդերի մասին։
33 տարի առաջ՝ այս օրերին, Բաքվում սկսվեց հայերի կոտորածը: Շարունակվեց մինչեւ հունվարի 19-ը: Այն դարձավ Սումգայիթում, Գանձակում հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների բնական շարունակությունը:
Ամեն ինչ իրականացվում էր նույն բեմագրով, նաեւ՝ նույն ձեռագրով:
Հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների` նախօրոք ծրագրված գործողությունները:
Ստանալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը՝ ջարդարարները հեշտությամբ գտնում էին հայերի տները և դաժանորեն սպանում նրանց՝ միայն հայ լինելու պատճառով:
Հունվարի 12-ին «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ՝ իբր Լեռնային Ղարաբաղ՝ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկելու համար, սակայն այն մնաց Բաքվում:
Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր:
Որոշել էին հենց Բաքուն ազատել հայերից: Այդ մասին է վկայում նաև տարիներ անց՝ 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման՝ 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ Ազգային պաշտպանության խորհրդի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին… հայերը մեզ համար վտանգավոր էին…»: 1990-ի հունվարի 13-19-ը Բաքվում սպանված ու բռնությունների ենթարկված հայերի հստակ թիվը հայտնի չէ: Փաստն այն է, որ դրա համար ոչ ոք չպատժվեց: Ավելի քան 20․000 հայ լքեց Բաքուն:
33 տարի անց թշնամու ձեռագիրը չի փոխվել: Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում, որ Բերձորի միջանցքի փակումն ու Արցախի շրջափակումը մեկ նպատակ ունի՝ Արցախ՝ առանց հայերի: