Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր չի կարողացել պատասխանել ԱԺ-ում լրագրողների հարցերին՝ եթե Փաշինյանը հունիսի 8-ի գրառման մեջ նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, ինչո՞ւ էր 2008 թվականին Ազատության հրապարակի ամբիոնից հանդես գալիս ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի ու գոռում՝ Լևոն-Լևոն։
Այս հղումն անելուց զատ, լրագրողները նաև մեջբերել են Փաշինյանի հարցազրույցից մի հատված, երբ նա ասում էր՝ Հայաստանում ավազակապետության հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։
Այսինքն՝ Փաշինյանն ինքն իրեն հակասում է ու մերժում։ Կարճ ասած՝ ստում է, կեղծում է, նենգափոխում է։ Եթե, ըստ նրա, ավազակապետության հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, իր ֆեյսբուքյան գրառման մեջ ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանին համարում «ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիր», իսկ 2008-ին պաշտպանում հենց այդ նույն «ընտրակեղծարարին»։
Խուդաթյանը չկարողացավ տակից դուրս գալ ու բացի իր թիմի ղեկավարի կենսագրությունը լավ սերտածի ելույթից, որևէ սպառիչ կամ տրամաբանական պատասխան չտվեց։