Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2023-24 համերգաշրջանը։
Այն 18-րդն է և առանձնանում է նոր ձեռքբերումներով. Սիմֆոնիկը 18 տարվա մեջ առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում։
«Հունիսի 29-ին Լոս Անջելեսի շքեղ համերգով ամփոփեցինք մեր առաջին ամերիկյան համերգային շրջագայությունը։
Դժվար է խոսքերով փոխանցել այն հուզառատ էներգիան, որ ակնթարթորեն տարածվեց «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում և ուղեկցեց խաչատրյանական երաժշտությանը ամբողջ համերգի ընթացքում։
Մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կախարդական ներգործություն ունեցավ հազարավոր ամերիկացի և ամերիկահայ ունկնդիրների վրա, որն անգամ համերգից շատ անց չէր նվազում նրանց ջերմ արձագանքներում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան շրջագայության երկրորդ համերգն ընթացավ «Քարնեգի հոլ» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում, չդադարող ծափահարությունների ներքո»,- ամերիկյան համերգաշարի տպավորություններն է ներկայացնում սիմֆոնիկը։
Հունիսի 27-ին նվագախումբը ելույթ է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում։
Նվագախմբի ու մենակատար Սերգեյ Խաչատրյանի կատարումներով Արամ Խաչատրյանի երաժշտությունը նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկը։
Հունիսի 26-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել «Բոստոն սիմֆոնի հոլ» համերգասրահում։
Նվագախմբի 18-րդ համերգաշրջանն սկսվել է անցյալ տարի՝ սեպտեմբերին և ավարտվել հուլիսի 21-ին՝ «Սիմֆոնիկ-Ջեքսով» համերգային ծրագրով։