Կոմունիստական հասարակարգն աթեիստական բնույթ ուներ, բայց անգամ այդ ժամանակներում Հայ եկեղեցին չի ստվերվել, Հայ եկեղեցու պատմությունը, Հայոց պատմության մեջ ներդրումը չի նսեմացվել։
Վարդանանց պատմությունը ներկայացվել է ըստ արժանվույն. Ապացույցը՝ բազմաթիվ գրքերն ու դասագրքերը։
«Եթե 10 տարի առաջ մեկը մեզ համոզեր, թե հնարավոր է Հայաստանում գրվի 7-րդ դասարանի «Հայոց պատմության» այսպիսի մի դասագիրք, մենք նրան կմեղադրեինք դավադրապաշտության մեջ։ Բայց մենք տեսնում ենք, որ այն, ինչ այսօր տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիներ առաջ։
Ես ծանոթացել եմ 2018 թվականի դեկտեմբերին մի շարք կազմակերպությունների՝ «Բաց հասարակության ինստիտուտի», «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ»-ի պատրաստած զեկույցին։ Հայաստանի զարգացման հեռանկարներից բացի, այնտեղ անդրադարձ էր կատարվել նաև կրթության ոլորտին։ Այդ առաջադրանքներում շատ շեշտված կերպով նշված էր, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից։ Օրինակ՝ ազգային ինքնությունը, ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը, Հայ դատը, մեր պահանջատիրությունը «կարծրատիպեր» էին ներկայացված։
Առաջադրանքը հետևյալն էր, որ պետք է ամեն կերպ այս «կարծրատիպերից» հրաժարվենք։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, «սյուրպրիզ չէր» այն, ինչ ներկայացված է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում»,- Մայր Աթոռում կազմակերպված ասուլիսին ասաց Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դարեր շարունակ Հայկ Նահապետը մեզանում ներկայացված է որպես հայ ժողովրդի նախահայր։ 7-րդ դասարանի դասագրքում Հայկ Նահապետի մասին մեկ հիշատակում կա, այն էլ որպես Պարույր Սկայորդու նախահայր, այլ դրվագ նշված չէ։
Արարատ սարի սրբազան լինելու մասին կցկտուր տողեր կան ընդամենը։
«Սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքում։ Եկեղեցու հիմնադիրը դասագրքում դարձել է Տրդատ թագավորը, իսկ մենք մինչև հիմա կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրները Հիսուս Քրիստոսն ու առաքյալներն են»,- նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Փորձ է արվում մեր պատմությունը շարադրել արտաքին պահանջով ու ճաշակով. համոզված է Մայր Աթոռի դիվանապետը։