Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վերջերս տեսնում ենք, որ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ՝ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է»,-ասաց Վարդևանյանը։
Ըստ փաստաբանի՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։
«Այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ։ Սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին։ Ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ Ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։
Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն, ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։
Փաստաբանը շեշտեց՝ իշխանություններն այս պահին լծակներ ունեն, և նրանց գործողությունները ընտրական համակարգի հավասարության խաթարում են։
«Բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,-ամփոփեց Արամ Վարդևանյանը։








