Հունիսի 6-9-ը Բեռլինում տեղի է ունեցել Մշակույթների կառնավալ (Karneval der Kulturen 2025 Berlin), որն անց է կացվում 1996 թվականից։
Բեռլինի և Բրանդենբուրգի հայ երիտասարդական միությունը (Armenische Jugend Berlin & Brandenburg) առաջին անգամ մասնակցել է աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային մշակույթը բացօթյա շքերթով ներկայացնող կառնավալին։
Գերմանիայում «Ազգ»-ի թղթակից Անահիտ Հովսեփյանն ավելի վաղ ներկայացրել է, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել Մշակութային կառնավալին Բեռլինի և Բրանդենբուրգի հայ երիտասարդական միությունը։
Հայ երիտասարդները բազմահազար հանդիսատեսի առաջ ներկայացրել են հայկական ազգային պարեր։ Հայաստանն ու Արցախը ներկայացնող հայկական խումբը, երթով անցնելով, ուղիղ եթերում պատմել է Արցախի, Հայաստանի մասին։ Մեր երիտասարդ հայրենակիցների ելույթների ժամանակ ծածանվել են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության պետական դրոշները։
«Ինչպես միշտ, Հոգեգալսյան տոնի օրերին ձեզ սպասում է գունագեղ ծրագիր՝ արվեստի, մանկական միջոցառումների, պարի և երաժշտության տեսքով: Ամենահիշարժան իրադարձությունը կլինի կիրակի օրը կայանալիք մեծ շքերթը, որը առաջին անգամ կմեկնարկի Կրոյցբերգից և կանցնի Ֆրիդրիխսհայնով»,-կառնավալի անցկացման մասին հունիսի 6-ին տեղեկացրել է tipBerlin-ը։
Մշակութային քառօրյա տոնակատարությունների համար նախապես պատրաստվել են բեմեր, տեղադրվել տաղավարներ։ 700 հազարից ավելի մարդ հնարավորություն է ունեցել դիտելու ավելի քան 70 մշակութային խմբերի, այդ թվում՝ գերմանաբնակ հայ համայնքի ելույթները՝ տարազներով, ազգային երգ-երաժշտությամբ, «Հա-յաս-տան» վանկարկումներով։
Կարդացեք նաև՝ Տեսանյութ, լուսանկարներ. Բեռլինում հայ երիտասարդները միասնության կոչ են անում՝ Արցախը չմոռանալով



