Մենք չենք շարունակում «Հայաքվեի» ստորագրահավաքը, մինչև որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար պայմաններ չստեղծվեն։ Չենք կարող Աշոցքում ստորագրահավաք անց կացնել, քանի որ այնտեղի համայնքի ղեկավարը տարածք է տրամադրում, իսկ Երևանում չանցկացնել, քանի որ քաղաքային իշխանությունները հրաժարվում են տարածք տրամադրել. տեղեկացնում են «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
Ստորագրահավաքը փաստացի կասեցվել է, սակայն ինչպե՞ս պետք է վերադարձվեն անգործության մատնված օրերը, չէ՞ որ «Հայաքվեին» ընդամենը 60 օր է հատկացվել։
Նախաձեռնությունը պահանջում է ԿԸՀ-ից վերականգնել իշխանությունների խոչընդոտելու պատճառով ստորագրահավաք չանցկացնելու օրերը, նաև քաղաքապետարանների, համայնքապետարանների տարածքից դուրս այլ տարածք տրամադրել՝ ստորագրահավաքն անց կացնելու համար։
Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանները փաստացի մերժել են «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը՝ տարածք հատկացնելու մասին՝ հղում անելով Երևան համայնքի ավագանու ինչ-որ որոշման կամ ուղղորդելով դիմել Երևանի ավագանուն։
Եռօրյա ժամկետն ավարտվել է հունիսի 23-ին, սակայն Երևանի մյուս վարչական շրջաններից պատասխան դեռ չի եկել։
Դիլիջան, Սպիտակ համայնքների ղեկավարները ևս մերժել են՝ տարածք չունենալու պատճառաբանությամբ։ Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան, Ակունք համայնքների ղեկավարությունները պաշտոնապես պատասխանել են և հայտնել պատրաստակամություն՝ տրամադրելու տարածք։ Այս համայնքների ղեկավարները մեծ մասամբ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ են։
Երևանից դուրս ՀՀ համայնքների պատասխանի ժամկետը լրանում է այսօր։